fbpx
Իրավական

ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին. Արդարադատության նախարարը հանդիպել է եվրոպական կառույցի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին անգնահատելի աջակցության համար և նշել, որ Հայաստանը շտապում է նյութականացնել ու անշրջելի դարձնել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արժեքները: «Մենք պատրաստվում ենք ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ՝ օգտագործելով աշխարհում կուտակված լավագույն փորձը», – անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին՝ նշել է արդարադատության նախարարը՝ հատկապես կարևորելով կոռուպցիոն գործերի քննությունը մեկ միասնական մարմնում իրականացնելու ու հակակոռուպցիոն կանխարգելիչ մամինն օր առաջ ստեղծելու անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարում ԵԱՀԿ աջակցությունը: Նրա խոսքով՝ սա Հայաստանին ուղղված ամենակարևոր ծրագրերից է, որին անմիջապես աջակցում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Վուկ Զուգիչը կարևորել է նաև ԵԱՀԿ-ՀՀ կառավարություն հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև կարիքների շուրջ բաց երկխոսությունը:

Հավելենք, որ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ է ունենում նաև շահագրգիռ այլ պետական մարմինների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ