ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Հրապարակող՝

ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը

Եվրասիական տնտեսական միության երկրները դեռևս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռևս պատրաստ չէ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել է Նիկիշինան: Նրա խոքսով` նախքան նման բանակցություններ սկսելը, պետք է վերլուծել այդ քայլի հնարավոր հետևանքները:

«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չէ, ուստի պահանջվում է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել է նա:

Նիկիշինան հիշեցրել է, որ անցյալ տարվա մայիսին ԵԱՏՄ-ն և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առևտրատնտեսական համագործակցության մասին: «Չինաստանն արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ-ի անդամ պետություններն ավարտում են անհրաժեշտ ընթացակարգերը: Այդ կապակցությամբ ենթադրում ենք, որ ամենամոտ ժամանակներս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»«-հայտարարել է նա:

Այդ համաձայնագիրը չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում կամ ծառայությունների ու պետական գնումների շուկաների բացում: Բայց այն թույլ է տալիս էականորեն նվազեցնել առևտրում առկա խոչընդոտները, քանի որ դրանց մեծ մասը, Նիկիշինայի խոսքով, դրսևորվում է ոչ թե մաքսատուրքերում, այլ հավաստագրման, տեխնիկական կարգավորման ոլորտում և վարչական այլ ընթացակարգերում:

Ամենաթարմ