ԵԱՏՄ-ն խանգարում է Ղարաբաղյան կոնֆլիկտի հայանպաստ լուծմանը․ Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը, անդրադառնալով ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դեմ եմ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և կարծում եմ, որ վաղաժամ պետք է դուրս գալ այդ կառույցից։ Միությունը մեզ զրկում է հնարավորություններից՝ ունենալու ինքնիշխան պետական ապարատ, սահմանելու բարձակարգ չափորոշիչներ բոլոր ոլորտներում, խորապես համագործակցելու զարգացած երկրների հետ, խորապես համագործակցելու առաջատար տնտեսական միությունների և անվտանգության կենտրոնների հետ, Հայաստան բերելու մեծ ներդրումներ և զարգանալ։

ԵԱՏՄ-ն մեծ հաշվով խանգարում է մեր հանրության որոշ շերտերի, ներառյալ կառավարող, խորհրդարանական և նախկին ռեժիմին հարող ուժերին կյանքը պատկերացնել առանց ռուսական քաղաքական ու ռազմական գերիշխանության։ Այնպես չէ, որ ռիսկերի մասին տեղյակ չեմ, բայց դրանց մեծ մասի ամբողջությունը կանվանեմ ֆարս։ Չզարմանաք, բայց այն խանգարում է հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի հայանպաստ լուծմանը։

Իսկ այսօր մեր խորհրդարանում անցնում է ԵԱՏՄ նիստ, ու չկա ոչ ոք, ով բողոք կարտահայտի այդ բուտաֆորիկ կառույցին անդամակցության համար, նաև ինքս։ Չկա գոնե մեկ պատգամավոր ԱԺ-ում, որ ներկայացնի այս տեսակետներն ԱԺ-ում, որի համար կարող ենք շնորհակալ լինել «դեմ ըլլալով մտնել, կողմ կըլլամ դուրս չգալ» կիսադաշնակցական մոտեցումը ներդրած մարդուն։ Սակայն, առավելապես մեղադրում եմ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց կարգել են պրոժողովրդավարական ու պրոինքնիշխան, սակայն քաղաքականապես կախյալ ու անազատ վարք են դրսևորում։

Հ.Գ. Վստահ եմ, որ մեր հայրենիքում և նաև պանդխտության մեջ ապրող հայամետ ու մարդակենտրոն մարդիկ երազում ենք Հայաստանի ազատության մասին, երազում ենք, որ մեր պետությունը լինի իրապես ինքնիշխան ու անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն։ Ցավում եմ, որ այդ մարդիկ չեն մեկտեղել դեռ իրենց ուժերը, բայց հավատում եմ՝ երկար չի տևելու, և այսքան խաբկանքների մեջ ի վերջո իրական ուժ է ձևավորվելու, որ այդ երազանքն ի կատար կածի»։

Ամենաթարմ