Եֆիմովը՝ «Փյունիկից» «Վան» տեղափոխվելու մասին

Ամենադիտվածներ

«Փյունիկի» նախկին ռմբարկու ռուսաստանցի Ստանիսլավ Եֆիմովը պայմանագիր է կնքել Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի հետ և 2020 թվականին հանդես կգա նրա կազմում:

Այդ մասին Azat.tv-ին հայտնեց 26-ամյա Եֆիմովը: Հիշեցնենք, որ 2018 թվականին «Երևան» ֆուտբոլային ակումի կազմում հանդես եկող Եֆիմովը մեկ խաղաշրջանի ընթացքում դարձել էր 46 գոլի հեղինակ՝ ճանաչվելով որպես 2018 թվականի Հայաստանի լավագույն ռմբարկու: Մասնագիտական նման հաջողությունից հետո նա տեղափոխվել էր «Փյունիկ» ակումբ:

«2019 թվականը եղավ շրջադարձային ինձ համար, մեկնարկը շատ հաջողված էր, վայելում էի մարզիչների վստահությունը, գրանցում էի հաղթանակներ: Հենց «Փյունիկի» կազմում էր, որ դեբյուտով հանդես եկա Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում: Սակայն ստացած վնասվածքս ստեղծեց շատ խոչընդոտներ»,-մեզ հետ զրույցում պատմեց Եֆիմովը՝ մանրամասնելով, որ վնասվացքից հետո դեռ մոտ մեկ ամիս բուժում էր ստանում:

Նրա պնդմամբ՝ դժվարություններ առաջացան նաև, երբ փոխվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը: Եֆիմովը խոստովանեց, որ ինքը, լինելով նոր խաղացող, պետք է հաղթահարեր նաև ինտեգրման փուլը, ինչն այդքան էլ հեշտ չէր ստացվում:

Հաշվի առնելով մի քանի նմանօրինակ հարցեր՝ ակումբը փոխելու որոշում կայացվեց:

«Եղան մի քանի առաջարկներ, անգամ ակումբերից մեկի ներկայացուցիչը «Վանի» հետ պայմանագիր կնքելուց րոպեներ առաջ զանգահարել և առաջարկել էր ինձ հենց իրենց հետ կնքել պայմանագիր, այլ ոչ թե Վանի»,- անկեղծացավ Եֆիմովը՝ նշելով, որ այունամենայնիվ մի քանի պարզ պատճառներով ընտրել է հենց «Վանի» հետ համագործակցությունը:

Ըստ նրա՝ կարևորագույն գործոնը՝ մարզչի կողմից մեծ հետաքրքությունն էր իր անձի հանդեպ, ինչը, ըստ ֆուտբոլիստի, համագործակցության գլխավոր պայմաններից է:

«Բացի այդ հեռակա կարգով ճանաչում էի Վանի մի քանի ֆուտբոլիստների, մի քանիսն էլ ինձ էին ճանաչում: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Ինչ վերաբերում է թիմին հարմարեցման փուլին, ապա այն անցել և անցնում է շատ ընկերական միջավայրում առանց որևէ խոչընդոտների»,- պատմեց Եֆիմովը՝ տեղեկացնելով, որ այս պահին իրենք ակտիվ մարզվում են և պատրաստվում կայանալիք խաղերին, որոնք թվով 15-ն են լինելու: Ըստ նրա՝ կարևորագույն խաղը տեղի կունենա փետրվարի 27-ին «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի հետ: Վանն էլ ունի բոլոր շանսերը Առաջին Լիգայի չեմպիոն դառնալու համար: Իրեն էլ մնում է լավ մարզվել, գրանցել նոր հաղթանակներ՝ ցուցադրելով իր մասնագիտական հմտությունները:
Եֆիմովը նաև հավելեց, որ Վանի առաջարկը ընդունելու պատճառներից մեկն այն էր, որ ակումբը գտնվում է Հայաստանում:

«Մոտ 1,5 տարի է ապրում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում, բացի դրանից հայաստանյան ակումբերը ինձ լավ են ճանաչում»,- շարունակեց ֆուտբոլիստը՝ վստահեցնելով, որ Հայաստանում ոչ մի խտրականության չի հանդիպել և այստեղ իրեն զգում է ինչպես տանը:

Մոսկվաբնակ ֆուտբոլիստի համար, թեև, սկզբնական շրջանում անակնկալ էր երևանյան անկանոն և խիտ երթևեկությունը. նա սկզբում միշտ լարվում էր տաքսի նստելուց, բայց հետո սովորեց:

Երևանում ապրելու դրական կողմերից մեկը, ըստ նրա, մատչելիությունն է․ քաղաքը փոքր է, ամեն ինչ մոտիկ է գտնվում: Որպես հայաստանյան այցեքարտ Ստանիսլավ Եֆիմովն առանձնացնում է նաև համեղ սնունդը, գեղեցիկ բնությունն ու հայաստանցիների հյուրընկալությունը:

Զրուցեց Անուշ Լալայանը

Ամենաթարմ