ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել:
«Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները:
ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ՝ ինչն է փոխդեկանի՝ աշխատանքից հեռանալու պատճառը:
«Ես գիտեմ, որ Քալանթարյանը դիմում է գրել, որը դեռ մակագրված չէ: Նա այդ մասին հրապարակում է արել «Ֆեյսբուքում», դրանից հետո ուսանողները որոշել են բողոքի ակցիա անել իրեն պահելու համար: Ճիշտն ասած՝ մի քիչ անտրամաբանական է: Ուսանողները հիմա հավաքված են և ասում են, որ մի 10 րոպեից Քալանթարյանն է գալու և ինչ-որ բան ասի, բայց չգիտեմ` ինչ»,- ասաց նա:
Էմին-Տերյանը հայտնեց՝ ուսանողներն իրենց հետագա քայլերի մասին որոշակի բան չեն ասել:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անառողջ մթնոլորտի մասին են խոսում ուսանողներն իրենց հայտարարության մեջ, ինչին խոսնակն արձագանքեց.
«Ճիշտ կլինի այդ մասին իրենց հարցնել»: