Երբ իրական անվտանգությունը փոխարինվում է առեւտրային պատրանքով

Հրապարակող՝

,

Երբ իրական անվտանգությունը փոխարինվում է առեւտրային պատրանքով

Ամենադիտվածներ

Այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգության նոր հայեցակարգը պետք է հիմնված լինի տնտեսական փոխկախվածության վրա։ Նրա խոսքով՝ 2020–2023 թվականների ընթացքում գործող ավանդական անվտանգության մոդելներն անարդյունավետ են եղել, եւ այժմ Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի երաշխիք։ Փաշինյանը շեշտեց, որ եթե երկրի տարածքով անցնում են միջազգային առեւտրի եւ էներգետիկ հոսքերի նշանակալի ծավալներ, ապա խոշոր տերություններն ու շուկաները կենսականորեն շահագրգռված են դառնում այդ տարածքների կայունությամբ եւ խաղաղությամբ, իսկ այդ տնտեսական կապը կարող է լինել ավելի հուսալի երաշխիք, քան դասական անվտանգային մեխանիզմները։

Այս մոտեցման առաջին խնդիրը դրա ելակետային տրամաբանությունն է։ Այն անվտանգությունը տեղափոխում է սեփական պետության կարողություններից դեպի արտաքին շահերի դաշտ։ Այլ կերպ ասած՝ անվտանգության հիմքում դրվում է այն հաշվարկը, որ ուրիշներն իրենց տնտեսական շահերի պատճառով կերաշխավորեն քո գոյությունը եւ կպաշտպանեն քո կայունությունը։ Սա վտանգավոր շրջադարձ է, որովհետեւ այն ենթադրում է ոչ թե ինքնուրույն դիմադրողականության կառուցում, այլ կախվածություն արտաքին դերակատարների կամքից, առաջնահերթություններից եւ աշխարհաքաղաքական հաշվարկներից, որոնք կարող են փոխվել մեկ օրում։

Տնտեսական փոխկախվածությունը կարող է աշխատել որպես զսպող գործոն միայն այն դեպքում, երբ պետությունն ունի իր սեփական ծանրության կենտրոնները՝ մարտունակ բանակ, անկախ հատուկ ծառայություններ եւ անվտանգային համակարգ, կայուն ինստիտուտներ, հանրային վստահություն, ռազմավարական շահերի վրա հիմնված արտաքին գործընկերներ։ Երբ այս հիմքերը գոյություն ունեն, տնտեսական հոսքերը իսկապես բարձրացնում են հակամարտության գինը հակառակ կողմի համար։ Բայց երբ այդ հիմքերը թույլ են, նույն այդ փոխկախվածությունը դառնում է ոչ թե պաշտպանիչ վահան, այլ ճնշման գործիք։

Պատմությունն ու միջազգային փորձը բազմիցս ցույց են տվել, որ տնտեսական կապերը չեն չեղարկում ուժային քաղաքականությունը։ Պետությունները պատրաստ են կարճաժամկետ տնտեսական վնաս կրել, եթե դրա դիմաց ստանում են երկարաժամկետ քաղաքական կամ ռազմավարական առավելություն։ Ավելին, երբ կախվածությունը ասիմետրիկ է՝ այսինքն մի կողմը շատ ավելի կախված է շուկաներից, տարանցիկ ուղիներից կամ էներգետիկ մատակարարումներից, քան մյուսը, այդ կապը վերածվում է լծակի։ Այդ լծակը կարող է գործարկվել մատակարարումների սահմանափակմամբ, տարանցիկ ճանապարհների վրա՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով, մաքսային եւ տեխնիկական արգելքներով, ներդրումների սառեցմամբ կամ ֆինանսական ճնշման այլ մեխանիզմներով։ Այսինքն դա մի լծակ է, որը թշնամական հարեւանության դեպքում վերածվում է շատ գործուն մեխանիզմի՝ անգամ առանց դիմելու ռազմական գործողությունների ու պատերազմի։

Փաշինյանի առաջարկած մոդելի երկրորդ վտանգն այն է, որ այն մեր հանրությանը փոխանցում է կեղծ անվտանգության զգացում։ Տպավորություն է ստեղծվում, որ եթե Հայաստանը դառնա տարածաշրջանային հաղորդակցության հանգույց, ապա դա ինքնաբերաբար կբերի խաղաղության։ Իրականում խաղաղությունը երբեք չի ծնվում միայն տնտեսական շահերի հաշվարկից։ Այն ծնվում է ուժերի հաշվեկշռից, քաղաքական կամքից եւ պետական դիմադրողականությունից։ Առանց այդ գործոնների, հաղորդակցության ուղիները կարող են դառնալ ոչ թե պաշտպանիչ պատնեշ, այլ խոցելիությունը մեծացնող գործոն, որն այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան կամ Ադրբեջանը, մեր պետականության դեմ կօգտագործեն որպես ճնշման միջոց։

Ավելին, փոքր պետությունների համար նման մոդելը հատկապես ռիսկային է։ Մեծ տերությունները եւ տարածաշրջանային խաղացողները տնտեսական հոսքերը հաճախ դիտարկում են ոչ թե որպես հավասար գործընկերության գործիք, այլ որպես ազդեցության տարածման միջոց։ Երբ անվտանգային քաղաքականությունը կառուցվում է այդ տրամաբանության վրա, պետությունը փաստացի իր ինքնիշխանության մի մասը դնում է արտաքին շահերի տրամադրության տակ։

Ուստի տնտեսական ինտեգրումը կարող է լինել միայն օժանդակ գործիք, բայց ոչ անվտանգության հիմք։ Այդ ինտեգրումը ներկայացնել որպես պետության անվտանգության հիմնական երաշխիք նշանակում է հանրությանը մոլորեցնել ու ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Առանց բանակի, առանց վստահելի պետական ինստիտուտների, առանց ներքին համերաշխության եւ ռազմավարական մտածողության, ոչ մի առեւտրային միջանցք կամ էներգետիկ հանգույց չի կարող եւ չի էլ դառնա անվտանգության իրական երաշխիք։ Սա արդեն ոչ թե սխալ հաշվարկ է, այլ վտանգավոր քաղաքական մանիպուլացիա, որի միջոցով փորձ է արվում ուժի, պաշտպանունակության եւ պետական կարողությունների կառուցման պատասխանատվությունը փոխարինել «տարանցիկ խաղաղության» պատրանքով։ Այդպիսի մոտեցումը ոչ միայն չի ամրապնդում պետությունը, այլ աստիճանաբար թուլացնում է նրա դիմադրողականությունը եւ Հայաստանը վերածում արտաքին շահերի ու ճնշումների առավել խոցելի օբյեկտի։

Ամենաթարմ