Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ անդրադառնալով նրա՝ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» հայտարարությունը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Բացի վերոնշյալ հայտարարությունից՝ Մակրոնը նշել էր նաև, որ Թուրքիան այլևս չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի օգնության վրա Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունից հետո, որը սպառնում է հակաահաբեկչական կոալիցիային:
«Չգիտեմ ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան ինչ նշանակություն ունի, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է: Հարգելի՛ Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է Մերձավոր Արևելքի խնդիրները չհասկանալու մեջ։
Էրդողանը ասել է նաև, որ Մակրոնն ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի, դրա համար էլ դեղին բաճկոնները օկուպացրել են նրա երկիրը:
«Քո ի՞նչ գործն է Թուրքիային հեռացնել կամ չհեռացնելը ՆԱՏՕ-ից: Դո՞ւ ես այդպիսի որոշումներ կայացնում»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Թուրքիայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է:
Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնը հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»։