Հասցեական կամ բովանդակային որևէ հարց քննարկելու փոխարեն Երևանի քաղաքապետը նախապատվությունը տալիս է տարատեսակ թեմաների արծարծմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանն առ այն, որ Գագիկ Ծառուկյանն ինֆորմացիային չի տիրապետում։
«Ես շատ ուրախ կլինեի, որ քաղաքապետ Հայկ Մարությանին դուք անձամբ հարց ուղղելու հնարավորություն ունենայիք, և նա նման հրապարակային հանդիպում կազմակերպեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այլ ոչ թե այդ գործառույթը թողներ իր մամուլի խոսնակի վրա և բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում Հայկ Մարությանի այս կամ այն հայտարարության հերքման պատասխանատվությունն ստանձնում է մամուլի խոսնակը և բացառություն է արվում միայն առանձին լրատվամիջոցների դեպքում պարոն քաղաքապետի կողմից»,-ասաց Տոնոյանը:
Նա ընդգծեց, որ քաղաքապետի հարցազրույցում հնչեցրած մտքերն իմաստազուրկ էին։
«Որևէ խնդիր, որևէ հարց բարձրաձայնելուց առաջ պարոն Ծառուկյանը ունի դրանց բոլոր հիմնավորումները և անհրաժեշտ փաստարկները։ Նախ սկսենք նրանից, որ պարոն Ծառուկյանը ընդհանրապես իր հարցազրույցում չէր անդրադարձել որևէ շինարարության, որն իրականացվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից։
Եվ փոխանակ հասցեական կամ բովանդակային հարց քննարկել, քաղաքապետը նախապատվությունը տալիս է ինչ-որ տարատեսակ թեմաների արծածման և կարևոր թեմայից հանրության ուշադրությունը շեղելու քաղաքականություն է որդեգրում։ Ինչ վերաբերվում է Աբովյան փողոցում տեղի ունեցող շինարարության հետ կապված, պարոն Ծառուկյանը ասաց, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Հայկ Մարությանն անձամբ, իր ձեռքով ստորագրել է այդ շինության նախագծման թույլտվությունը, այսինքն համապատասխան թույլտվությունը։ Ես սա ասում եմ, քանի որ քաղաքապետն ասում է, որ ընդհանրապես տեղյակ չէ այդ փաստաթղթից, ասում է, որ Տարոն Մարգարյանն է, ասում, թե ինքը այս շենքի հետ ընդհանրապես կապ չունի։ Լինում է առաջինը նախագծման թույլտվությունը հետո նոր շինարարության թույլտվությունը։
Ես կրկնում եմ, որ պարոն Հայկ Մարությանի կողմից տրամադրված այս նախագծման թույլտվությունը, որ ենթադրում է նաև շինթույլտվություն, նախնական փոլում տրվել է 11 հարկանի հյուրանոց կառուցելու մասով»,-ասաց Տոնոյանը: