Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը և նրա 44 և 50 տարեկան ծանոթները հացկերույթ էին կազմակերպել, նաև օգտագործել էին ոգելից խմիչք։
Այդ ընթացքում նրա և 44-ամյա ծանոթի միջև վեճ էր սկսվել, որն ուղեկցվել էր հայհոյանքներով։ 44-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 52-ամյա տղամարդուն։ Այնուհետև նրան թողել ու հեռացել էին։ Ծեծված տղամարդը օգնություն էր կանչել, որին արձագանքել էր մի անցորդ, ինչից հետո 52-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայով նախ տեղափոխվել էր Տաշիրի հիվանդանոց, ապա Երևան՝ հոսպիտալացվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հենց այստեղ էլ նա, դեպքից 6 օր անց, մահացել էր։
Տաշիրի ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդուն։ Նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։