Երևանի քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա 2 տարում լուծել շուրջ 15 տարվա տրանսպորտային խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես տեղյակ եմ մեր քաղաքում առկա տրանսպորտային բոլոր խնդիրներից, որոնք արդեն 15 տարի է առկա են: Ես և՛ առաջ, և՛ հիմա հասարակական տրանսպորտից օգտվում եմ նույն քանակությամբ, ոչ շատ հաճախ, բայց չեմ էլ ասի, որ հազվադեպ»,-նշեց Մարությանը և հավելեց, որ այդ 15 տարվա խնդիրները փորձելու են լուծել առաջիկա 2 տարում:
Նրա խոսքով՝ գործընթացը սկսված է, միջգերատեսչական խումբ է կազմվել, ուսումնասիրում են առաջարկները:
Անդրադառնալով սակագնի հարցին՝ քաղաքապետն ասաց, որ գինը պետք է մաքսիմալ ցածր լինի:
Խոսելով նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ 249 ավտոբուս կա Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, որը չի շահագործվում, Մարությանն ասաց, որ 15 տարին լրացած երթուղային տաքսիներն իրենք փոխարինում են ավտոբուսներով:
«Ընդհանուր պետք է 800-ից մի փոքր ավելի ավտոբուս, որ համակարգը աշխատի, այդ առումով մենք քննարկումներ ենք անում կառավարության հետ»,-ասաց Երևանի քաղաքապետը: