«Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում», – Էջմիածնի քաղաքապետը «Ֆուլ հաուս» սիթքոմի մասին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյբուքյան գրառման միջոցով անդրադարձել է «Ֆուլ հաուս» սիթքոմին։

«Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի:

Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ: 

Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ ?‍♀️

Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց», – գրել է քաղաքապետը։

Ամենաթարմ