Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Նախագիծը ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ դրանք կբարձրացնեն ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը։
Անդրադառնալով նախագծին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ասաց.
«Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը խորքային փոփոխությունների կարիք ունի: Բայց, եկեք համաձայնեք, որ այս փոքր փաթեթով բոլոր խնդիրները միանգամից լուծել անհնար էր: Լուծվում է մեկ պարզ խնդիր՝ փոքր բաժնետերերի հարցը և հիմնականում պայմանավորված է Doing Business զեկույցում մեր դիրքերը բարելավելով: Չեմ ասում, որ Doing Business-ը պետք է ինքնանպատակ լինի, և բարելավելը պետք է մեր գերնպատակը լինի, միգուցե դա մեզ ընդհանրապես ոչ մի բան չտա, բայց եթե կարելի է խնդիր լուծել ու դրանով զեկույցում առաջ գնալ, ավելի լավ է դա անել, քան չանել»:
Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ նախագիծը երբ հանձնաժողովում քննարկվել է, ընդդիմության ներկայացուցիչներն էլ են միաձայն կողմ քվեարկել: Կառավարությունն առաջարկել է 24 ժամյա ռեժիմում երկրորդ ընթերցում կազմակերպել, հանձնաժողովը համաձայնություն չի տվել մինչև երկրորդ ընթերցումը ժամանակ ունենալու ու խմբագրական բնույթի ճշգրտումներ կատարելու համար:
«Մեկ խնդրանք՝ մինչև օրենքը հանձնաժողովի նիստին քվեարկության դրվելը ժամանակ կա, էդ ընթացքում կարելի է առաջարկություններ ներկայացնել, մենք որևէ առաջարկություն չենք ստացել, եթե այդ առաջարկությունները ժամանակին ներկայացված լինեին, այսօր, թեկուզ այս փոքր օրենքը, կարող էր ավելի հղկուն տեսք ունենալ»,- նշեց Բաբկեն Թունյանը`կոչ անելով կողմ քվեարկել:
Նա նաև վստահեցրեց, որ շտկումները մինչև երկրորդ ընթերցումը կանեն:

