fbpx
Խորհրդարան

Եթե մեկ կայացած կառույց կա այս երկրում, ապա դա բանկային համակարգի ինստիտուտն է․ Թանդիլյան

Քաղաքացին և երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը նախ հարց բարձրացրեց, թե այս փոփոխությամբ ինչ մեսիջ է հղվում, օրինակ՝ ներդրողներին:

«Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է, և եթե դրա հետևանքով մեր տնտեսությանը հասցվի վնաս և ունենանք տուգանված տնտեսական աճ, արդյո՞ք Դատախազությունը դրա պատասխանատուն է, կասկածում եմ, բայց քաղաքացին և երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ այս փոփոխությունը շատ վտանգավոր է համարում մեր երկրի համար:

«Ես գիտեմ, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության համար Կառավարության շենքի առաջ ցույցեր չեն կատարվի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը որևէ կերպ չի նվազում»,-ասաց նա:

Պատգամավորը հորդորեց կանգնեցնել, կասեցնել այս «համակարգաքանդ օրինագծի նախաձեռնությունը»։

«Եթե մեկ կայացած կառույց կա այս երկրում, ապա դա բանկային համակարգի ինստիտուտն է, որով հպարտանում ենք պարբերաբար»,- հավելեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ