ՀՀ ԱԳ նախարարության Facebook-ի էջը տեղեկացնում է որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակեց «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը:
Նախարարական հանդիպման շրջանակներում նշվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:
Նախարար Մնացականյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5294497130576440