fbpx
Ընտրություններ

Քաղաքացին է կայացնելու որոշումն իր խղճի ու համոզմունքների համաձայն

Azat TV-ին խոսել է «Մենք» դաշինքի անդամ Ֆելիքս Պետրոսյանի հետ, ով նոր է մուտք գործել քաղաքականություն և պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել  թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ։

Ո՞վ է Ֆելիքս Պետրոսյանը

– Ֆելիքս Պետրոսյանը հասարակ քաղաքացի է՝ հետաքրքրված մեզ հուզող բազմաթիվ հարցերի լուծմամբ։

Ձեր կրթությու՞նը։

-Ես ավարտել եմ Անտոն Չեխովի անվան դպրոցը, այնուհետև՝ Եվրոպական Ակադեմիայի Միջազգային Հարաբերություններ բաժինը։ Ունեմ միջազգայնագետի կրթություն։

Կարելի՞ է ասել, որ Դուք վաղ հասակից հետաքրքրված եք եղել քաղաքականությամբ։

– Այո։ Հաշվի առնելով, որ հայրս մասնակցել է արցախյան պատերազմին, հետո աշխատել է Ազգային ժողովի Գործերի կառավարչությունում՝ մեր տանը մշտապես շոշափվել են քաղաքականությանը առնչվող հարցեր, մասնավորապես, կապված պետականաշինության և երկրի զարգացման հետ։ Անկախ իմ կամքից, ես մասնակից եմ եղել նմանատիպ խոսակցությունների, քննարկումների, որոնք համարում եմ իմ քաղաքական գաղափարների ֆունդամենտը։

Ֆելիքս, ինչու՞ որոշեցիք մտնել քաղաքականություն և առաջադրել պատգամավորության թեկնածություն։

-Ինչպես արդեն նշել եմ, մշտապես հետաքրքվել եմ քաղաքականությամբ։ Իմ տեսադաշտից երբևէ չի վրիպել որևէ գործընթաց՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքի հետ։ «Մենք» դաշինքի կողմից առաջարկությունը ստանալուց հետո, հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում, կարծում եմ, որ իմ տեսակը պետք է Ազգային ժողովին։ Մոտեցումները, որոնցով ես հանդես եմ գալու, նոր շունչ կտան մեր քաղաքական մշակույթին։

Ի՞նչ նոր առաջարկությամբ եք հանդես գալու, որը տարբերվելու է մնացած թեկնածուների առաջարկություններից և որը պետք է համոզի քաղաքացուն իր քվեն Ձեզ տալ:

– Հիմա, որպես օրինակ կուզեի խոսել մենաշնորհի մասին. թեկուզև բոլորս տեղյակ ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներմուծել ցանկացած ապրանք առանց խոչընդոտի, առանց մաքսային ծառայությունների կողմից ստեղծած արհեստական խնդիրների, սակայն, միևնույն ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների հովանավորչության ներքո գտնված խոշոր ձեռնարկատերերը մինչև օրս իրենց ձեռքերում են պահում ողջ շուկան։ Չնայած ես տնտեսագետ չեմ, սակայն ես կարծում եմ, որ պետք է մշակվի նոր մեխանիզմ, որը թույլ կտա ներմուծողներին աշխատել հավասար պայմաններում։

Ինչո՞վ եք Դուք համոզելու քաղաքացուն, որ Ձեզ քվե տա։ Կարո՞ղ եք ավելի մանրամասն խոսել այս մասին։

– Այս քարոզարշավի առաքելությունն ինձ համար այն է, որ մեր համաքաղաքացիները ավելի լավ ծանոթանան ինձ և մեր ծրագրերին։ Վերիջին շրջանում ու, առհասարակ, անկախացումից հետո բոլորը փորձում են համոզել մեր քաղաքացիներին, իսկ ես առաջարկելու եմ ինձ ու մեր դաշինքի մոտեցումները, որից ակնկալում եմ դրական արդյունք։ Այսինք քաղաքացին է կայացնելու որոշումն իր խղճի ու համոզմունքների համաձայն։

Դուք նշեցիք, որ նախկինում քաղաքականության մեջ չեք եղել: Արդյո՞ք Ձեզ համար դժվարություն չի մրցակցելը փորձառու քաղաքական գործիչների հետ:

– Միանշանակ ցանկացած մրցակցություն, որտեղ կա գաղափարների և շահերի բախում, առողջ պայմաններում հետաքրքիր է և դժվար։ Բոլոր քաղաքական ուժերի թեկնածուները ինձ համար մրցակիցներ են, բայց և ես էլ եմ նրանց մրցակիցը։

Դուք հանդես եք գալիս «Մենք» դաշինքի ներքո։ Ինչու՞

– Ես հանդես եմ գալիս ՀՀ դրոշի ներքո, «Մենք» դաշինքի կազմում՝ իմ համախոհների հետ։ Քանի որ «Մենք» դաշինքի գաղափարական մոտեցումները և իմ քաղաքական համոզմունքները ընդհանուր շատ եզրեր ունեն, և ինձ համար շատ կարևոր է մարդկային գործոնը, այսինքն՝ ովքեր են տվյալ գաղափարի կրողները։

Ինչո՞վ են Ձեր ծրագրերը և ռազմավարությունը համընկնում «Մենք» դաշինքի կողմից որդեգրած ծրագրերին։

– Մենք բոլորս պայքարում ենք ադեկվատ, զարգացած և բարեկեցիկ Հայաստանի համար։

«Մենք» դաշինքը բազմիցս նշել է, որ իրեն համարում է հիմնական գաղափարական ընդիմախոսը։ Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումները այս հարցի շուրջ։

– Ես միանշանակ համաձայն եմ այդ դիրքորոշման հետ և կարծում եմ, որ մեր երկրում չպետք է լինի միակնտրոն իշխանություն։

Արդեն սկսվել է նախընտրական քարոզչությունը։ Կներկայացնե՞ք Ձեր նախընտրական ծրագրերը։

– «Մենք» դաշինքը հակված է Հայաստանը տեսնելու աշխարհի զարգացած երկրների շարքում։ Մենք, լինելով դարերի պատմություն ունեցող ժողովուրդ, աշխարհին միշտ տվել ենք մշակութային, գիտական բազմաթիվ մնայուն արժեքներ։ Այժմ եկել է ժամանակը, որ մենք օգտագործենք մեր հարուստ պատմությունը և մեր հարուստ պոտենցիալը, և մրցակից դառնանք զարգացած պետությունների։ Մենք պետք է ձևավորենք այնպիսի պետություն և այնպիսի պետական կառավարման մոդել, որը ունենա շարունակական կառուցողական տրադիցիա։ Այսինքն՝ ինչպես շատ արևմտյան առաջադեմ երկրներում, անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, և ինչ արտաքին քաղաքակականություն է վարում, խոշոր հաշվով, չհաշված ֆորս-մաժորային իրավիճակները, օրինակ, պատերազմ և այլ աղետալի դեպքեր, հասարակ քաղաքացին, որը որևէ ցանկություն չունի քաղաքականության մասը լինելու, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով։ Հակառակ այս մոդելի՝ Հայաստանում մինչ օրս գրեթե ցանկացած քաղաքացի ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ։

Ձեր թեկնածությունը առաջադրելուց հետո համացանցում մեծ իրարանցում սկսվեց. ոմանք, հաշվի առնելով Ձեր և Ձեր զույղ եղբոր՝ Նարեկի նմանությունը, կարծեցին, թե հենց նա է առաջադրվել որպես թեկնածու։

– Նարեկի հետ իմ նմանությունը կա արդեն երեսունմեկ տարի, և մենք երկուսս էլ սովորել ենք դրանից օգուտներ քաղել։ Լիահույս եմ, որ կընտրվեմ ԱԺ պատգամավոր, և մեկ-մեկ Նարեկն իմ փոխարեն կմասնակցի նիստերին։ Սա իհարկե որպես կատակ։

Ինչքանո՞վ է այս պարագայում ձեզ օգնում կամ խանգարում Նարեկի հայտնի լինելը։

-Նարեկի հայտնի լինելը միանշանակ օգնում է, որովհետև Նարեկը իր ողջ ստեղծագործական, և առհասարակ իր ողջ կյանքում ձեռք է բերել բարի համբավ։ Այս ընթացքում և մշտապես եղել եմ Նարեկի կողքին, ավելին՝ հանդես եմ եկել որպես պրոդյուսեր, սակայն միշտ խուսափել են հանրային ճանաչումից և եղել եմ ստվերում։

Արդյո՞ք դժվար չի լինելու ձեզ համար պրոդյուսերական աշխատանքից հետո միանգամից քաղաքականություն մտնել։

– Ցանկացած կազմակերպչական գործ իրենից ենթադրում է պատասխանատվության զգացում, որը ես ունեմ։ Քիչ կարևոր է թե ինչ ոլորտում ես դու աշխատում, կարևորը թե ինչ արժեհամակարգի կրող ես դու։ Կարծում եմ, որ քաղաքականության մեջ ես կկարողանամ օգտագործել իմ լավագույն կողմերը։

Ձեր ընտանիքը աջակցու՞մ է Ձեր կյանքի այս նոր փուլում ։

Միանշանակ այո, սատարում է։ Մեր ընտանիքի համար խորթ չէ քաղաքականության մեջ լինելը, քանի որ ժամանակին և՛ պապս, և՛ հայրս եղել են քաղաքական գործիչներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ