fbpx
Առողջապահություն

Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում 7 բուժկետ է վերանորոգել

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել և կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման և մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես լրատվական գործակալությունից:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել էր ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտային խորհրդի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի կողմից 2016-2018 թվականներին վերանորոգվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքի բուժամբուլատորիան և Վանևան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան և Տրետուք բնակավայրերի բուժկետերը: Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել և ընթացքի մեջ են բուժկետերի տեխնիկական վերազինման աշխատանքները: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 16 բուժկետերից ընտրեցինք 7-ը, որտեղ և սկսեցինք շինարարական աշխատանքները: Ամենամեծ շինհրապարակը Մեծ Մասրիկի բուժամբուլատորիայի տարածքում էր, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, անցկացրել ենք նաև ջեռուցման նոր համակարգ: Ավարտվել են նաև Վանևան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան, Տրետուք բնակավայրերի բուժկետերի շինարարական աշխատանքները, իսկ այս պահին ընթացքի մեջ է դրանց բուժսարքավորումներով ու բուժգործիքներով վերազինելու ծրագիրը: Մեր դիտարկումների արդյունքում բոլոր աշխատանքները իրականացվել են ըստ նախատեսվածի և որակով: Պատվիրվել և տեղադրվել են նաև ցուցանակները»,- ներկայացրեց Ժան-Կլոդ Ռոսեն:

Իրականացվող ծրագրի հաջորդ բաղադրիչը վերաբերում է բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստումներին, որոնք, ըստ ծրագրի պատասխանատուի, նախատեսված է իրականացնել 2019 թվականի հունիսի 3-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս ուղղությամբ կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ քննարկել և հստակեցնել վերապատրաստման մասնակիցների և անցկացման վայրի հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ներկայացրեց նաև Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևանի տարածաշրջանի համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրանք կարևորեցին նաև Գագարինի և Շատվանի բուժկետերի վերանորոգման խնդիրը:

«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Իզերի դեպարտամենտային խորհրդի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում կատարված աշխատանքների առնչությամբ: Շնորհակալություն, որ ամենայն ջանասիրությամբ կյանքի եք կոչել ծրագիրը: Ձեր տրամադրությունը փաստում է, որ աշխատանքներն իրականացվել են ըստ պլանավորվածի: Իհարկե, կատարված աշխատանքները մեծ աջակցություն են գյուղական համայնքների բնակիչներին, իսկ տեղադրված սարքավորումները հնարավորություն կտան ավելի ճիշտ և օպերատիվ բուժում կազմակերպել նրանց համար: Շատ եմ կարևորում նաև բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ մենք կունենանք ավելի բանիմաց և հմուտ մասնագետներ»,- նշեց Գնել Սանոսյանը:

Հանդիպման ավարտին Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ապրիլի 5-ին հրավիրեց մասնակցելու վերանորոգված բուժկետերի բացման արարողություններին:

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել ապակենտրոնացված համագործակցության շրջանակում 2019 թվականին վերանորոգման ենթակա բուժկետերի և ամբուլատորիաների ցանկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ