Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը «Հայրենիքի» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության միասնական «Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպումներ է ունեցել համակիրների հետ։
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, ակնհայտ ստելով, հայտարարեց, թե 1994-ից հետո Հայաստանը գերիներ չի ունեցել։
Հստակ է, որ Սարգսյանը ստում է, քանի որ նրա նախագահության ընթացքում է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, որի ընթացքում հայկական կողմը գերիներ է ունեցել։ Այլ հարց է, որ իշխանության կողմից լավ թաքցվել են հայ գերիների իրական թվերը, ավելին՝ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթաց չի եղել։
2018 թվականին ժողովրդի կողմից մերժված նախագահի համար՝ արտահերթ ընտրությունները լավագույն շարժառիթն են իրեն մերժած հասարակությունից ու տապալած ուժերից վրեժ լուծելու համար։
Երրորդ նախագահը փորձում է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ մոռանալով, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում գերի ընկած հայ զինծառայողներից մի քանիսը հետ են վերադարձել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ներկայիս իշխանության ջանքերով։
Սարգսյանը ցինիկ վստահությամբ ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ռազմագերիների վրա և պայման դնում․ թող, իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, ուղարկի Բաքու 20-25 ռազմագերու ազատ արձակվելու պայմանով։ Հարց է առաջանում՝ երրորդ նախագահի մտքով չի անցել այս «փայլուն» գաղափարը իր զավակներից մեկին ուղարկել Բաքու քառօրյա պատերազմի գերիներին հայրենիք բերելու համար։
Ի պատասխան Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը Ապարանում քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ պատրաստ է որդուն ուղարկել Ադրբեջան հայ ռազմագերիների դիմաց։
Չուշացավ նաև Աշոտ Փաշինյանի արձագանքը, ով վստահորեն հայտարարեց՝ պատրաստ է մեկնել Ադրբեջան՝ պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով։ Վարչապետի պաշտոնակատարի որդին, ով նաև Արցախյան 44-օրյա պատերազմում կամավոր մեկնել էր ռազմաճակատ, այսօր էլ ընդգծում է՝ ամեն պահ պատրաստ է իրեն զոհել հայրենիքի համար։
Նիկոլ Փաշինյանի որդին առաջին անգամ չէ, որ ապացուցել է բացի ընտանիքից ու սեփական ես-ից իր համար հայրենիքը բարձրագույն արժեք է և պատրաստ է կյանքը զոհել անհրաժեշտության դեպքում, ինչը չեն արել այսօր, իբրև թե, ընդդիմություն կազմող մի շարք պաշտոնյաների որդիները։
Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում՝ Մեծ Մանթաշում, քարոզարշավի ընթացքում ևս մեկ անգամ վստահեցրեց, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։
Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Խծաբերդում գերեվարված զինորականների մեծ մասը Շիրակի մարզից են, սակայն այսօր Մեծ Մանթաշում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ներկաները բղավեցին, որ դեմ են այդ առաջարակին։
Համաձայանգրի ստորագրումից հետո, չնայած ընդիմադիրների կողմից անընդհատ շահարկվում է զոհերի թիվը և գերիների հարցը, ժողովուրդը հասկանում է, որ այդ հայտարարությունները նախընտրական քարոզարավի մի մասն են կազմում և քաղաքական նպատակներ ունեն։
Այսօր էլ գերիների հարազատներն ու ընտանիքի անդամները ամենամեծ իրավունքն ունեն ցանկացած ձև արձագանքել այս հայտարարություններին ու կոպիտ, ծայրահեղ գնահատականներ տալ, բայց նրանց արձագանքը ցույց է տալիս, որ հստակ պատկերացնում են ընդդիմադիրների նպատակները։
Շողիկ Կակոյան