Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ 20-րդ դարը նշանավորվել է զանգվածային ջարդերով, էթնիկ զտումներով, տեղահանություններով և ցեղասպանություններով, որոնք շարունակում են մնալ Հայաստանի և Գերմանիայի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը։
Դեսպանի այցը ևս մեկ անգամ ընդգծում է Գերմանիայի նվիրվածությունը՝ ընդունելու և վերաիմաստավորելու իր դերը 1915 թվականի իրադարձություններում։ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը մեծ ջանքեր էր պահանջում Բեռլինից, ներառյալ՝ Գերմանիայի մեղքի բաժնի ընդունումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ պատմական հիշողությունը կարևոր դեր ունի երկու երկրների միջև փոխըմբռնման և հարաբերությունների ամրապնդման գործում։ Դեսպանի այցը խորհրդանշում է Գերմանիայի հանձնառությունը՝ դիմակայելու անցյալի իրողություններին և աջակցելու Հայաստանին՝ պահպանելու ցեղասպանության զոհերի հիշատակը։