fbpx
Քաղաքականություն

Դուք միայն խորհրդարանի՝ ձեզ ծափահարող զանգվածի ղեկավարը չեք․ Գոռ Գևորգյանը՝ Արարատ Միրզոյանին

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը անդրադարձել է կառավարության և խորհրդարանի միջև երեկվա հարցուպատասխանին։

«Պարոն Միրզոյան, գիտե՞ք ինչն է խնդիրը։ Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի ղեկավարն եք։ Հիշեցնեմ, որ դուք ոչ միայն խորհրդարանի՝ ձեզ ծափահարող զանգվածի ղեկավարն եք, այլև այն զանգվածի, որը ձեզ չի ծափահարում։ Կառավարությունից պատասխան հնչեց, որ գրավոր դիմենք։ Այո, պատգամավորը պարտավոր է գրավոր դիմել, բայց հարցուպատասխանի հարթակը բացառապես ծառայում է բանավոր խոսքին»,-  նշել է Գոռ Գևորգյանը։

Պատգամավորը հավելել է, որ երեկ հարցրել էր ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման մասին, սակայն կառավարությունից հնչել էր պատասխան՝ հարցն ուղարկել գրավոր։

«Իմ համեստ գործունեության ընթացքում ես երբեք մարդկանց չեմ անձնավորել, որովհետև դա ամենամեծ սխալն է։ Խորհրդարանը ձեր գլխավորությամբ կրավորական դեր է ունեցել վերջին մի քանի ամսում, և դրա վառ ապացույցն է նախորդ օրը կառավարության հեգնական վերաբերմունքը խորհրդարանական պետության խորհրդարանի պատգամավորների հարցերի հանդեպ։ Դուք պարտավոր էիք միջամտել, այստեղ եք դուք կերտում ձեր հետագիծը, պարոն Միրզոյան»,- նշել է Գոռ Գևորգյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքել է․ «Ձեր խորհուրդների մի մասը համարում եմ կառուցողական, մի մասն էլ թույլ տվեք ես որոշեմ, էլի․․․թող ամեն մարդ նախ իր հետագծի մասին մտածի, հետո մյուսների»։

Նշենք, որ այսօր «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույնպես նմանօրինակ հորդոր հղեց Արարատ Միրզոյանին և ասաց, որ կառավարությունը երեկ արհամարհական վերաբերմունք է դրսևորել իշխանական խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հանդեպ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ