Տնտեսություն

Գեղամ Գևորգյանը պարզաբանել է մի շարք ապրանքների թանկացման պատճառները

Այսօր` մարտի 17-ին տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ, ըստ որոնց մի շարք ապրանքների դեֆիցիտ և թանակացում է առաջացել հայաստանյան շուկայում:

Նրա խոսքով, սպիրտի թանկացումը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ. գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում հունվարի 1-ից տեղի ունեցած փոփոխություններով, ինչը  համահունչ է ԵՏՄ մեր պարտավորություներին:

«Ուզում եմ հերքել տեղեկությունը, որ սպիրտի գինը եղել է 300 դրամ, իսկ կորոնավիրուսի պատճառով դարձել է 2884 դրամ, հետո ասվեց, որ 3600 դրամով է վաճառվում: Մենք խոշոր առևտրային ցանցերում ամենօրյա մոնիտորինգ ունենք, և պարզեցինք, որ 2884 դրամ է: մենք խնդրեցինք այդ տեղեկատվության աղբյուրը, մինչև հիմա դա չենք ստացել»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանը հերքեց նաև ալյուրի թանկացման մասին լուրերը՝ հայտնելով, որ ալյուրը չի թանկացել. «Ապրանքների որոշակի թանկացում եղել է դոլարի փոխարժեքի տատանման հետ, բայց դա էլ ենք հսկողության տակ պահում: Բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները մեզ մոտ հավաքագրվում են և անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու: Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել կապված ալկոգելերի հետ, որովհետև որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգել անվան տակ վաճառել ալկոգելը և բարձր գնով: Իսկ եթե կլինեն ֆիզիկական անձինք, որոնք List.am-ով կամ այլ կայքերով կփորձեն զբաղվել առևտրային գործունեությամբ, այդ տվյալները կփոխանցենք ՊԵԿ-ին, որ համապատասխան գործողություններ կատարեն»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա հավաստիացրեց , որ ՀՀ-ում ալկոգել արտադրող երք խոշոր ընկերությունների կողմից մեկ դրամով անգամ գները չեն բարձրացվել, երեք ամիս առաջ էլ է այդ գինը եղել, այսօր էլ է այդ գինը:

Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, ապա, ըստ նրա, այստեղ գնի բարձրացում կա. «Ամբողջ աշխարհում գնի բարձրացում կա: Մենք նայել ենք, որ եթե  պահեստներում եղել են դիմակներ, որ ձեռք են բերվել ցածր գնով, փորձել ենք կանխել, որ դրանք էժան վաճառվեն»: Գևորգյանը հավելեց, որ այսօր արդեն Չինաստանից դիմակների վաճառքի առաջարկներ են ստանում, արդեն 84 դրամով առաջարկ կա, այսինքն գինը նվազում է»:

Անդրադառնալով որոշ քաղաքացիների՝ մեծ քանակով զուգարանի թուղթ և անձեռոցիկ գնելուն՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ մեծաքանակ գնումների կարիք չկա, քանի որ Հայաստանում գործում է անձեռոցիկի, զուգարանի թղթի, օճառի և մի շարք այլ տնտեսական ապրանքների արտադրություն։

Աղբյուրը` News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ