fbpx
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազը խոսել է համաներման ակտի, «Մարտի 1»-ի, Քոչարյանի և այլ աղմկահարույց գործերի մասին. Tert.am

Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից:Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նաև «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով գործին, համաներման ակտին, դատախազության գործունեությանն ու դիրքորոշմանը դատարաններում խափանման միջոցների վերաբերյալ, իր պաշտոնավարման շարունակությանն ու դատախազության գործունեությանը:

– Պարո՛ն Դավթյան, Հայաստանի դատաիրավական համակարգում նախադեպ չկա, երբ գլխավոր դատախազն անձամբ է դատարանում պաշտպանում խափանման միջոցի ընտրության հետ կապված բողոքը: Ինչո՞ւ որոշեցիք անձամբ մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը վերացնելու դեմ դատախազության բողոքի  քննությանը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր մտավախությամբ, որ Ձեր բողոքը չի բավարարվելու, թե այլ պատճառ կար: Արդյոք Ձեր նկատմամբ քաղաքական ճնշմամբ չէր դա պայմանավորված:    

– Սկսեմ վերջից: Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից: Ես ցավում եմ, որ հասարակական առանձին խմբերի գիտակցության մեջ այսօր էլ արմատացած է մնում այն համոզմունքը, որ դատախազությունը, իր գործառույթներն իրականացնելիս, որոշումներ կայացնելիս առաջնորդվում է քաղաքական իշխանությունից եկող ազդակներով: Այս ընկալումը թույլ չի տալիս նկատելու, առավելևս գնահատելու այն ահռելի աշխատանքը, որ, մեր բոլոր թերություններով հանդերձ, իրականացնում ենք իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և մինչդատական վարույթի օրինականության ապահովման ուղղություններով: Նման մտայնության ձևավորման մեջ գուցե ինքներս էլ մեղքի բաժին ունենք: Սակայն, օրինակ, վստահ եմ, որ այդ՝ իսկապես սխալ ընկալումների պայմաններում ոչ բոլորը կարող են մտքի ծայրով անցկացրել, որ գլխավոր դատախազը կարող է որոշել մասնակցել դատական նիստին, որից բարձրագույն իշխանությունն անգամ տեղյակ չլինի: Մինչդեռ հենց սա պետք է լիներ բնականը:

Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել էր անձամբ իմ կողմից: Այն վերաբերում է մի անձի, ով 10 տարի եղել է մեր երկրի երկրորդ նախագահը: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացվել է այնպիսի խնդրահարույց հիմնավորումներով, որոնք վերաբերում են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության իրավական թնջուկին: Այսինքն՝ բոլոր առումներով իրավիճակը բացառիկ էր և հետևաբար ենթադրում էր ոչ ստանդարտ մոտեցում: Դատական նիստին մասնակցելու իմ որոշման հիմքում եղել է նշածս բոլոր գործոնների հանրագումարում ունեցածս պատասխանատվությունը: Որպես գլխավոր դատախազ պարտավոր եմ երաշխավորել մեր պետության պատմության մեջ բացառիկ այդ քրեական գործի քննության արդյունավետությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը: Որևէ այլ գործոն դեր չի կատարել և չի կարող կատարել:  

– Դուք բազմիցս եք հայտարարել, որ «Մարտի 1-ի» գործով հարցաքննությունները շարունակվում են: Մի անգամ նաև նշեցիք, որ 2017-ին 100-ից ավելի անձ է հարցաքննվել: Ինչո՞ւ չկային այն բացահայտումները, որոնք կան հիմա, և ինչո՞ւ նախկինում չկային այն մեղադրյալները, ովքեր կան հիմա: Քաղաքականությունը որքա՞ն է առնչվել այս գործին:

-Այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը երբեք կանգ չի առել: Իսկապես, նախորդ տարիներին կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, վարույթն իրականացնող մարմնին չէր հաջողվում ձեռք բերել այնպիսի փաստական տվյալներ, որպիսիք այսօր ստացվում են: Իսկ դա չէր հաջողվում, որովհետև չնայած այդ իրադարձություններին բազմաթիվ մասնակիցներ և ականատեսներ կան, սակայն իրավապահ համակարգի հետ համագործակցության տրամադրվածություն չունեին: 

Ապրիլ-մայիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ունեցանք մի իրավիճակ, երբ մարդիկ, ովքեր հարցաքննվել էին նաև նախկինում, սկսեցին համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, հայտնել տեղեկություններ, որոնք նախկինում չէին հայտնել: Օրինակ՝ երևի տեղյակ եք, որ նման մեկ դեպքով դատախազության կողմից արդեն իսկ նոր երևան եկած հանգամանքով պայմանավորված՝ վարույթ է հարուցվել և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ քննություն իրականացնելու: Վարույթը հարուցվել է հենց այն պատճառով, որ գործով որպես տուժող ճանաչված անձը նորից հարցաքննվելու ժամանակ տվել էր նախկինում իր տված ցուցմունքներից էականորեն տարբերվող այնպիսի ցուցմունք, որն առերևույթ վկայում էր այդ գործով 6 տարի ազատազրկման դատապարտված անձի հնարավոր անմեղության մասին: Ամենայն հավանականությամբ վարույթներ հարուցելու առիթներ կունենանք նաև առաջիկայում: Այս հանգամանքը վկայում է, որ «Մարտի 1-ի» գործով վարույթում առկա փաստակազմն առանձին էական դրվագներով բացարձակապես տարբերվում է այն փաստական բազայից, որն ունեինք նախկինում: Ինչպես գիտեք, նաև արդեն իսկ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները մարտիմեկյան դեպքերին առնչվող գործերով նախկինում կայացված դատավճիռների վերաբերյալ, որի հիման վրա նոր հանգամանքով պայմանավորված, կձեռնարկվի նաև նախկինում կայացված դատական ակտերի վերանայման գործըթնաց: Եթե քաղաքականությունն  ինչ-որ առնչություն ունեցել է, ինչպես Դուք եք նշում, ապա այն դրսևորվել է միայն դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց կողմից օբյեկտիվությանը բացահայտելուն միտված անկաշկանդ համագործակցության պատրաստակամության, երբեմն նախաձեռնողականության ակտիվության մեջ: 

– Պարո՛ն Դավթյան, նախորդ տարի Tert.am-ին տված հարցազրույցում Սեֆիլյանի գործի, ՊՊԾ գնդի զավթման և Նորք Մարաշի զինված խմբի գործերի վերաբերյալ ասել էիքհետևյալը. «Ակնհայտ է նաև, որ ինչպես Սեֆիլյանն  ու մյուսները, այնպես էլ՝ Նորք-Մարաշի խմբի անդամները պլանավորած հանցագործություններն իրենց համար ցանկալի ավարտին չեն հասցրել: Նման երևույթների և դրանց մասնակիցների նկատմամբ հասարակական լայն վերաբերմունքը ցույց տվեց, որ ճնշող մեծամասնության համար նման հանցանքներն անընդունելի են»։ Հարգելի՛ դատախազ, այսօր, բացի Մարաշի գործից, մյուսները ոչ միայն կալանքից ազատ են արձակվել, այլ նաև, եթե տուժողները չառարկեն, համաներվում են: Ի՞նչ փոխվեց:

– Նման երևույթների նկատմամբ հասարակության ճնշող մեծամասնության վերաբերմունքը, համոզված եմ, չի փոխվել: Հակառակը կլիներ անհասկանալի և մտահոգիչ: 

Ձեր առանձնացրած քրեական գործերով  որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ համաներման տարածումը Դատախազության, դատախազական գործառույթների հետ առհասարակ որևէ կապ չունի: Պետությունը պարզապես, ի դեմս օրենսդիր և գործադիր մարմինների, կայացնելով քաղաքական որոշում, նման ակտով բարի կամք է դրսևորել այն անձանց նկատմամբ, ում վրա տարածվել է համաներումը, այդ թվում նաև՝ Ձեր մատնանշած առանձին գործերով ամբաստանյալների: Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել երկու կարևոր հանգամանքի վրա:

Նախ՝ համաներման մասին օրենքն ԱԺ-ում ընդունվել է միաձայն, թեև առանձին պատգամավորներ այդ պահին, հետագայում ևս հրապարակային անհամաձայնություն են հայտնել: Այսինքն՝ այդ ակտն իրականացվել է հասարակական-քաղաքական լայն համախոհությամբ: Երկրորդ՝ օրենքը կոնկրետ այս գործերի համար մի շատ կարևոր և բացառիկ վերապահում է նախատեսել: Դրանցով մեղադրվող անձանց նկատմամբ համաներումը տարածվում է, եթե դրանց դեմ չեն առարկում պատանդառված,  ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Այդ հանցագործությունները երկօբյեկտ հանցագործություններ են՝ ոտնձգում են նախ հանրային անվտանգությանը, ապա կոնկրետ ֆիզիկական անձի առողջությանը, ազատությանը: Եվ այս երկու օբյեկտների հասցեատերերի միաժամանակյա դիրքորոշման ապահովումը ինչպես իրավական, այնպես էլ բարոյական առումներով հավասարակշռել է իրավիճակը: Եթե հանրային իշխանության բարձրագույն՝ գործադիր և օրենսդիր մարմինները, որպես հանրային անվտանգության պատասխանատուներ, իրենց մարդասիրական միաձայն  դիրքորոշումն արտահայտել են՝ ընդունելով օրենքը, դեռ յուրաքանչյուր կոնկրետ վնաս կրած ֆիզիկական անձ ինքը պետք է որոշի՝ ներե՞լ, թե ոչ, որպեսզի ունենանք կոնկրետ քրեաիրավական, քրեադատավարական հետևանքներ: Եվ ամենակարևորը՝ համաներումը չի տարածվում մահվան հանգեցրած դեպքերի, անձանց նկատմամբ: Մեզ այս մոտեցումը բավարարել է: 

– Աղմկահարույց մի շարք գործերով մայիսից հետո ինչո՞ւ մեղադրող դատախազները, առանց նոր հանգամանք ի հայտ գալու, առարկություններ սկսեցին չներկայացնել Սամվել Բաբայանին, «Սասնա ծռերին», Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլ հանրային հնչեղությամբ գործերով ամբաստանյալներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, սկսվեց կիրառվել նաև անձնական երաշխավորությանը: Սա չի՞ ենթադրում, որ նախկինում և հիմա դատախազության մոտ ձեռագիր է փոխվել:

– Ձեր նշած բոլոր քրեական գործերով մարդիկ իրականացրել կամ նախապատրաստվում էին իրականացնել գործողություններ, որոնք ուղղված էին պետական իշխանությունը ներկայացնող կոնկրետ պաշտոնատար անձի կամ անձանց դեմ: Այդ մարդկանց մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը, նրանց վարքագծի կանխատեսելիության ռիսկը բարձր էին հատկապես այդ հանցավոր մտադրությունների շարունակականության վտանգով: Եթե այդ գործերով դատական նիստերի ընթացքին կամ ամբաստանյալների հրապարակային հայտարարություններին հետևել եք, հավանաբար համոզվել եք, որ նրանք հանդես էին գալիս զինված պայքարը շարունակելու կոչերով՝ իշխանության կոնկրետ ներկայացուցիչների գործոնով պայմանավորված: Երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացների, փոփոխությունների արդյունքում վերջիններս այլևս իշխանություն չեն: Այսինքն՝ նշված անձանց պատշաճ վարքագիծը կալանավորում խափանման միջոցի միջոցով երաշխավորելու անհրաժեշտությունը, հիմքերը էականորեն նվազել էին: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծված նոր իրադրության պայմաններում պատրաստ ենք քննարկել այդ անձանց նկատմամբ խափանման միջոցները փոփոխելու հնարավորությունը, եթե նրանք դրսևորեն պատշաճ վարքագիծ, այսինքն՝ փաստեն, որ իսկապես այլևս վտանգավոր չեն: 

Եվ այդ գործերով մեղադրող դատախազները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ինչպես այդ անձանց վարքագիծը, այնպես էլ այլընտրանքային խափանման միջոց գրավի կամ անձնական երաշխավորության համար հիմքերի բավարարությունը, չառարկեցին ներկայացված միջնորդություններին: Արդյունքում այդ գործերով ամբաստանյալների մեծ մասը խափանման միջոցների փոփոխության  հիմքով հայտնվեց ազատության մեջ: 

Այս իմաստով, նկատելով մեր հանրության շրջանում ինձ համար տեսանելի որոշ թյուրըմբռնումներ, ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք : Չնայած այդ անձինք ներկայումս ազատության մեջ են, քրեական գործերը չեն կարճվել, և դատավարությունը շարունակվում է: Եվ ցանկացած այնպիսի դեպքում, երբ կհայտնաբերվի այդ անձանցից որևէ մեկի կողմից խափանման միջոցի պայմանների խախտում, անմիջապես կձեռնարկվեն նրանց նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ կիրառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ գործողությունները: 

– Պարո՛ն Դավթյան, ինչո՞ւ է կալանքի տակ մնում գեներալ Մանվել Գրիգորյանը: Վստահ եմ, Դուք ևս լսած կլինեք բազմաթիվ կարծիքներ, որ բոլորը կալանքից ազատ արձակվեցին բացառությամբ Մանվել Գրիգորյանի, որը նաև փորձաքննության արդյունքներով 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում նաև քաղցկեղ, ինչը անհամատեղելի է պահման պայմանների հետ: Այստեղ չի՞ խախտվում իշխանության այն լոզունգը, որ դատարաններն անկախ են, իրավապահ համակարգն անկախ է:

– Բացի այն, որ ներկայումս Մանվել Գրիգորյանին մեղսագրվում են բազմադրվագ, հանցավոր սխեմաներում առերևույթ բազմաթիվ անձանց ներգրավմամբ առերևույթ հանցանքներ, քննությամբ բացահայտվել են նաև այլ, սխեմատիկ, համակարգված առերևույթ հանցագործությունների նոր դրվագների ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը, այդ թվում, միջազգային իրավական ակտերում ամրագրված պահանջներին համահունչ, շարունակում է պահպանել մեղադրյալի պատշաճ վարքագիծը խափանման միջոցի այդ տեսակով երաշխավորելու հիմքերն ու անհրաժեշտությունը:

Խափանման միջոցի ընտրությունը երբեք ինքնանպատակ չէ: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի առողջական վիճակին, Դատախազությունը մշտապես ակտիվորեն հետևում է նրա առողջական վիճակի դինամիկային, ցուցաբերվող անհրաժեշտ բժշկական օգնության մասնագիտական ընթացքին՝ կալանավորումը բացառող տվյալներ ստանալու դեպքում համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար:  Միայն նշեմ, որ այս ընթացքում խիստ պարբերական բազմաթիվ բժշկական կոնսիլիումներ են իրականացվել, 2 դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

– Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, Ոստիկանությունն իրականացնում է հետախուզում: Սակայն ՌԴ-ն ուսումնասիրել էր փաստաթղթերը և կոնկրետ Միքայել Հարությունյանի մասով հայտնել, որ մերժում է նրան Հայաստան տեղափոխելու պահանջը: Այս դեպքում ի՞նչ անել, և մերժման հիմքում արդյոք միայն նրա ՌԴ քաղաքացի լինելու հանգամա՞նքն էր, թե փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մեղադրանքին անդրադարձը:

-Հանրությանը սխալ մեկնաբանություններ են մատուցվում: Իրավական գործընթացը հետևյալն է. հետախուզվող մեղադրյալը պետք է հայտնաբերվի, որից հետո կսկսվի էքստրադիցիայի գործընթաց: Դրա արդյունքում միայն հնարավոր կլինի ունենալ հայտնաբերող երկրի դիրքորոշումը անձին հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Նշված անձանց հայտնաբերման, նրանց հանձնման որևէ պաշտոնական գործընթաց տեղի չի ունեցել, հետևաբար մնացյալ մեկնաբանություններն ու տեղեկությունները ենթադրություններ են: Միաժամանակ, որոշակի տվյալներով պայմանավորված, ստուգվում է նաև Միքայել Հարությունյանի քաղաքացիության հանգամանքներին առնչվող հարցը: 

– Պարո՛ն դատախազ, այս տարի Դատախազության 100-ամյակն էր: Նաև՝ ավարտվում է 2018 թվականը: Ի՞նչ խնդիրներ են լուծվել նախորդ տարիներին և ի՞նչ մարտահրավերներ կան և ի՞նչ քայլեր են արվում դրանց լուծման ուղղությամբ։ 

– Իսկապես տարին մեզ համար պատմական և խորհրդանշական էր. դատախազների մեր սերնդին բախտ վիճակվեց ամփոփել մեր համակարգի 100-ամյա պատմության ժառանգությունը, արժևորել ու գնահատել մեր նախկին սերունդների կատարած ահռելի աշխատանքը ինչպես Հայաստանի երեք հանրապետություններում հանցավորության դեմ պայքարում և իրավակարգի ամրապնդման, այնպես էլ դատախազության համակարգի կայացման, զարգացման գործում:

Կարծում եմ՝ հաջողվեց պատվով և արժանի կերպով նշել նաև տոնը՝ արտասահմանյան շուրջ 20 երկրների պատվիրակությունների, մեր գործընկերների, վետերանների և ողջ համակարգի ներգրավվածությամբ: 

Ամենակարևոր խնդիրը, որ հաջողվել է լուծել, Դատախազության կայացման, զարգացման իսկապես դինամիկ շարունակականության ապահովումն է: Դրա խոսուն վկայությունն է Սահմանադրությամբ պետական կառավարման համակարգում դատախազության հստակ դերի և կարգավիճակային անկախության ամուր երաշխիքների ստեղծումը: Սա չափազանց կարևոր է ներկայումս ամբողջական քրեական դատավարության համատեքստում ինչպես ընթացակարգային, այնպես էլ մարդու իրավունքների և ազատությունների իրացման օրինականության ապահովման առումով: Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը համակարգում կոռուպցիայի իսպառ վերացումն է, որի ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվել տարիներ շարունակ: Եվ ես հպարտությամբ եմ արձանագրում այդ փաստը, քանի որ առանձնահատուկ հետևողականություն եմ ցուցաբերել այս ուղղությամբ: Դրանով պայմանավորվել է նաև համակարգի նկատմամբ հանրային վստահության շարունակական աճը: 

Ավելի կարճաժամկետ կտրվածքով, այսինքն՝ իմ պաշտոնավարման ընթացքում ունեցած արդյունքները եղել են թիրախային: Նախ՝ ամբողջ այդ ընթացքում լրջագույն քրեաիրավական պայքար է մղվել կոռուպցիայի դեմ: 2017թ., 2018թ. արդյունքները կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդումների մասով բազմապատիկներով է (2-3 անգամ) տարբերվում նախորդած ժամանակահատվածից: Հատկապես հետևողական ենք եղել սխեմատիկ բնույթի համակարգային կոռուպցիոն շղթաների բացահայտման հարցում: 

Էական առաջընթաց ենք արձանագրել ապօրինի անտառահատման դեմ համակարգային պայքարում: Դատախազության նախաձեռնությամբ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական բազան ենթարկվել է բարեփոխումների, ուժեղացվել է անտառահատումների և փայտանյութի տեղափոխման նկատմամբ հսկողությունը, քրեական գործերով հատուկ քննության առարկա են դարձվել անտառաշերտերի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները, ինչը նախկինում գործնականում չունեինք:  Այդ միջոցառումների արդյունքում միայն 2017թ. ապօրինի ծառահատումների համար ավելի շատ անձ է քրեական պատասխանատվության ենթարկվել, քան 2011-2016 թվականներին միասին վերցրած: 

Մեր ուսումնասիրությունների և դրանց հիման վրա դատախազության կոլեգիայի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել է արդարադատությունից խուսափող անձանց հետախուզման պրակտիկան:

Շատ կարևորում եմ քրեական հետապնդման ոլորտում իրավական որոշակիության, կանխատեսելիության, միասնական մոտեցումների ապահովման գործում ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուսումնասիրությունների, ամփոփումների արդյունքում մշակված ու ներդրված չափանիշների իրագործման առումով: 

Արժեքավոր եմ համարում ՄԻԵԴ որոշումների և իրավական դիրքորոշումների հենքին առաջնահերթ երեք ուղղություններով Հայաստանում մարդու կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վիճակի ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում արձանագրված խնդիրների վերացման նպատակով Դատախազության կողմից սահմանված կանոնների ներդրումը: Խոսքը վերաբերում է խոշտանգման կանխարգելմանն ու արդյունավետ քննությանը, արդար դատաքննության կարևոր բաղադրիչ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովմանը և խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկային: Արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմինների կամ դատախազի կողմից թույլ տրվող՝ հատկապես անթույլատրելի ապացույցներ ներկայացնելու հետ կապված դատավարական սխալները, թերությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Սա, իհարկե, ամբողջը չէ:

Բայց այս ամենով հանդերձ, իհարկե, ունենք նաև խնդիրներ, որոնք երբեք չենք թաքցրել: Մենք համարում ենք, որ լուրջ անելիքներ կան առանձին հանցատեսակների՝ բնակարանային գողությունների, ճանապարհատրանսպորտային և այլ հանցագործությունների, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, քրեական դատավարության ընթացքում քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու, դատախազական համակարգը որակյալ կադրերով համալրելու, մարդկային ռեսուրսների հմտությունները զարգացնելու, պրոֆեսիոնալ, պետական մտածողությամբ ու բարեկրթությամբ օժտված դատախազի հանրորեն ընկալելի կերպարի ամրապնդման ուղղություններով:

Դատախազությունը կենդանի, գործուն օրգանիզմ է: Ինչպես հանրային կյանքի, պետական կառավարման մնացած բոլոր օղակները, այն ևս մշտապես կատարելագործվելու կարիք ունի՝ տվյալ դեպքում ինչպես հանրային պահանջներին, այնպես էլ իրավական մտքի զարգացմանը համարժեք: 

– Պարոն Դավթյան, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների բոլոր ղեկավարները փոխվեցին, բացառությամբ Դատախազության, որը վերահսկող մարմին է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պաշտոնավարման շարունակությունը:

– Չնայած բազմիցս առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին, սակայն, այն հանգամանքը, որ հարցադրումը շարունակում է մնալ ակտուալ, ստիպում է հավելյալ պարզաբանումներ կատարել՝ բացելով պատճառների հետ կապված որոշ փակագծեր:  

Խնդիրն իրականում ունի երկու՝ իրավական և բարոյական ասպեկտ: Իրավական տեսանկյունից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այն առնչվում է իշխանության բոլոր թևերից դատախազության և գլխավոր դատախազի կարգավիճակային անկախության սահմանադրական երաշխիքներին: Եթե քաղաքական իրավիճակի փոփոխությունն ամեն դեպքում պետք է հանգեցնի գլխավոր դատախազի պարտադիր հրաժարականի, ապա ոչ մի արժեք չունի Սահմանադրությամբ նման երաշխիքների ամրագրումը: Այդ դեպքում առհասարակ իմաստ չկա խոսելու Դատախազության անկախության մասին: Քաղաքական փոփոխության հետևանքով անկախ մարմինների ղեկավարների, տվյալ դեպքում գլխավոր դատախազի հրաժարականը նշանակելու էր համակերպվել Դատախազության նկատմամբ քաղաքական ազդեցության իրողության հետ: Այս իմաստով իմ որոշումը խորհրդային կառավարման մշակույթի մնացուկ հանդիսացող այն կործանարար մտայնության դեմ էր, որ գլխավոր դատախազը քաղաքական իշխանության մաս է կազմում, հետևաբար պետք է անհապաղ հեռանա՝ ցանկացած իշխանափոխության արդյունքում: 

Բայց խնդիրը միայն դա չէ: Գլխավոր դատախազը, ի տարբերություն իրավապահ մյուս մարմինների ղեկավարների, ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Արդյոք քաղաքական փոփոխություններից հետո խորհրդարանում ձևավորված ուժերի հարաբերակցությունը ստեղծո՞ւմ էր նոր գլխավոր դատախազ ընտրելու հնարավորություն: Սահմանադրական դատարանի անդամների ընտրության, ինչպես նաև այլ կարևոր հարցերով ձախողված քվեարկությունները հստակ տալիս են այդ հարցի պատասխանը: Այդ շրջանում ես առաջնորդվել եմ համոզմունքով, որ մեր երկրի համար նման անցումային, բախտորոշ ժամանակաշրջանում, քրեաիրավական գործընթացների կտրուկ ակտիվացման պայմաններում երկիրն առանց գլխավոր դատախազի չի կարող մնալ:  

Հարցի երկրորդ՝ բարոյական ասպեկտը կապված է այդ շրջանում առկա՝ բոլոր պաշտոնատար անձանց, պետական համակարգերի գործունեությունը նույն արշինով չափելու, նույն ոսպնյակով անցկացնելու հանրային միատեսակ, մակերեսային ընկալումների ռիսկի հետ: Եվ իմ հրաժարականը ևս բացառություն չէր լինելու: Մինչդեռ գլխավոր դատախազի պաշտոնում իմ, դատախազական ողջ համակարգի մասնագիտական և պաշտոնեական գործունեության ընթացքում, ջանք չենք խնայել բարեխիղճ, անմնացորդ իրավապահ ծառայություն իրականացնելու գործում, մեր կենսակերպով, թող անհամեստություն չհնչի՝ նաև բարոյական ու արժեքային նկարագրով երբևէ ոչ ոքի առիթ չտալով ստվերել մեր պատվախնդրությունը: Սա սկզբունքի և արժանապատվության հարց է: 

Բացի այդ, շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ այս ընթացքում երբեք չեմ զգացել այնպիսի էական խոչընդոտներ, որոնց պարագայում անհնարին կհամարեի իմ հետագա պաշտոնավարումն ու այս կարգավիճակով ծառայությունը երկրին:

Ես չափազանց կարևորում եմ հանրային վստահության և լեգիտիմության գործոնը: Պաշտոնից կառչածության որևէ բարդույթ երբևէ չեմ ունեցել ու չունեմ և միշտ պատրաստ եմ եղել լքել այն պարզ ճակատով ու հանգիստ խղճով այնպիսի պայմաններում, որոնք ընկալելի ու բացատրելի կարող են լինել բոլորի, այդ թվում նաև ինձ հավատացող գործընկերներիս համար

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ