ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 05.09.2019թ. ժամը 23:50-ից մինչև 06.09.2019թ. ժամ 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել է Երևան քաղաքի Բուզանդի փողոցում կայանված իր մեքենայի զույգ լուսարձակները` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: