Հասարակություն

Գուցե սա կյանքի վերջն է. Գոռը, սա գիտակցելով, հետ գնաց Ջաբրայիլ ու դարձավ պահապան արծիվներից մեկը

«Մահից վախենալով գնա կռիվ, բայց վախենալով մի՛ ապրի»,- հենց այս խոսքերով առաջնորդվելով՝ Գոռ Երմալովյանը մինչև վերջ պայքարեց հանուն հայրենիքի։

Պատմության մեծագույն հայի՝ Նժդեհի, խոսքերով ու մտքերով ապրող Գոռը անդավաճան էր իր հայրենիքին, եկեղեցուն ու ծնողներին։

   

Գոռը ծնվել է 2001թվականի հունիսի 29-ին Արմավիրի մարզի Նոր-Կեսարյա համայնքում։ Իրենց ընտանիքում 4 երեխա են ՝ 2 քույր և 2 եղբայր։ Գոռի քույրը պատմում է՝ Գոռը փոքրուց անչափ հայրենասեր էր, սիրում էր իր հայրենիքը, գյուղն ու արմատները։

«Գոռը շատ աշխույժ էր, կռվարար բնավորություն ուներ»,- հիշում է քույրը։

Իրենց գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գոռը որոշել էր հայտնի սպորտսմեն դառնալ։

«Փոքր տարիքից սիրել է սպորտը։ Մեր մանկության ամենաուրախ տարիները եղել են մինչև Գոռի սպորտի գնալը, երբ սպորտի գնաց, միանգամից մեծացավ ու հասունացավ»,- պատմում է քույրը։

2011 թվականին Գոռը ընդունվում է սպորտ դպրոց։  Քույրը հիացմունքով է հիշում՝ ինչպես էր Գոռը իր առաջ նպատակներ դնում ու ամեն բան անում դրանց հասնելու համար։ «Ինը տարի առաջ Գոռը հաղթեց քինգ-բոքսինգի Հայաստանի առաջնությունը, հետո նաև Ռուսաստանում և Ուկրաինայում գրավեց երկրորդ տեղը աշխարհի առաջնությունների ժամանակ»,- պատմում է քույրը։

 

Փոքր հասակից Գոռը շատ հասուն է եղել, 11 տարեկանից արդեն ինքնուրույն էր՝ Արմավիրի մարզից հասնում էր Երևան`պարապմունքների։

«Մի անգամ էլ եկավ ու ասաց, որ չպիտի գյուղ գա, ուզում է տեղափոխվել Երևան։ Գոռը շատ էր ոգևորվել, որ տեղափոխվելու է Երևան, մեզ ասաց՝ հերոս ախպեր եք ունենալու»,- քույրը հիշում է եղբոր այս խոսքն ու չի թաքցնում հուզմունքը, եղբայրը հերոս էլ դարձավ։

2019 թվականի ամռանը Գոռը զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանի զորամասում, հետո տեղափոխել են Կուբաթլու։ Ծառայության վեց ամիսների ընթացքում Գոռը պարգևատրվել է լավ ծառայության համար, արժանացել է քաջարի մարտիկ, բանակի գերազանցիկ պատվոգրերին։

«Գոռս բանակ գնալիս լրիվ պատրաստ էր թե՜ հոգեբանորեն, թե՜ ֆիզիկապես»,- ընդգծում է քույրը։

Քույրը հիշում է՝ Գոռի հայրենասիրությանը չափ չկար, միշտ ասում էր հայ լինելը դժվար է, բայց ավելի դժվար է հայ հայրենասեր լինել։

Գոռը ծառայության ընթացքում աչքի է ընկել իր կարգպահությամբ, եղել է լավ զինվոր։ Գոռի մարտական ընկերը պատմել է, որ հրամանատարը՝ Մաթևոսյանը, Գոռին համարել է գումարտակի ողնաշարը։

Զինվորին բոլորն են զորամասում ճանաչել։ Հրամանատարի սիրելի զինվորն է եղել։

«Չաստում Գոռին դիմել են Մաթոսի Գոռ։ Իրենց հրամանատարի ազգանունը Մաթևոսյան է, ու Գոռին շատ է սիրել»,- հավելում է քույրը։

Պատերազմի սկսվելուց երեք օր առաջ Գոռը և իրենց գումարտակը դիրքեր էին բարձրացել՝ զորավարժություններ կատարելու։ Իսկ սեպտեմբերի 27-ին արդեն թշնամին անցավ լայնածավալ հարձակման։

«Գոռը մարտերի ժամանակ առաջին օրը զանգել է պապայիս ասել, որ թուրքերի առաջխաղացում կա, տարիների կիսատ թողած գործը պիտի ավարտին հասցնենք»,- հիշում է քույրը։

Միայն հայրիկին էր ասել, որ հատուկ առաջադրանք ունեն։ Գոռի հաջորդ զանգը երկար չի սպասեցնում, երեք օր անց զանգում է հայրիկին և ոգևորված ասում՝ մարտական առաջադրանքը կատարված է։

«Գոռը պապայիս էր պատմել, թե ինչպես են ազատարգրել Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված «Լալայկա» կոչվող բարձունքը»,- նշում է քույրը։

Պատերազմի օրերին Գոռը հետևակի մարտական մեքենայի վարորդ է եղել։ Թեժ մարտերի ընթացքում խոցել է 2 Հետևակի մարտական մեքենա, և 5 տանկ։ Գոռի ընկերներն են պատմել, որ հրամանատարը խոստացել է՝ պարգևատրել Գոռին պատերազմի ավարտից հետո։

Կռվի թեժ օրերն էին․․․  Հոկտեմբրի 6-ին թշնամին առաջխաղացում է ունենում, մեր վիրավոր զինվորներից շատերը մնում են թիկունքում։

Քույրը հիշում է՝ Գոռի ընկերները պատմել են, որ հրամանատարները ասել են՝ պետք է սառը դատենք, պատերազմ է, բայց Գոռը որոշում է վիրավոր ընկերներին դուրս բերել կրակի տակից։ Գոռին է միանում ընկերը՝ Բաբայան Արտյոմը։

«Երկու ընկերներով հերոսաբար կարողացել են 25 զինվորի դուրս բերել կրակի տակից ու մեքենայով հասցրել են Կապանի հոսպիտալ»,-  պատմում է քույրը։

Գոռը զանգում է հայրիկին ասում, որ հոսպիտալում է, վստահեցնում՝ ինքը վիրավոր չէ, ընկերներին է բերել։

Հոկտեմբերի 14-ին արդեն իմանալով, որ ամեն ինչ ավելի է բարդացել Գոռը իր 6 ընկերների հետ որոշում է, որ պիտի նորից գնա Ջաբրայիլ։

Հոկտեմբերի 15-ի լուսաբացին իր էջում գրառում է անում «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա կյանքի վերջն է» և շտապում Ջաբրայիլի ամենաթեժ հատվածի պաշտպանությանը։

«Եղբայրս ու 6 ընկերները գնում են Ջաբրայիլ ու զոհվում ԱԹՍ-ի հարվածից»։

Քույրը ընդգծում է Գոռի համար թանկ էր Ջաբրայիլի ամեն մի թիզ հողը։  «Գոռը, 19-ը տարի ապրելով, հասցրեց նվաճել բոլորի սրտերը»,- ասում է քույրը։

Գոռը հարազատներին ասել էր, որ հերոս է դառնալու, այդպես էլ եղավ, հերոսացավ իր Ջաբրայիլում ու դարձավ պահապան անմահ արծիվներից մեկը․․․․

Հեղինակ՝ Կակոյան Շողիկ

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ