Մենք գործ ունենք Լավրովի մի նոր պլանի հետ․ Բաբաջանյան

Ամենադիտվածներ

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այսօր մենք ականատես ենք մի զարհուրելի պատկերի։ Մեր աչքի առաջ մենք տեսնում ենք, թե ինչպես է փլուզվում համոզումը այն իրողության, թե Ռուսաստանը ուզի՝ այս տարածաշրջանում էսկալացիա չի լինի, պատերազմ չի լինի և արդյունքում պարզվում է, թե մենք ինչպիսի կեղծիքի, ինչպիսի ստի մեջ ենք ապրել», – ասաց Բաբաջանյանը։

Նա նշեց, որ՝ Ադրբեջանը թքած ունենալով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա, անցել է սահմանը Սյունիքում, Գեղարքունիքում և կարող ենք հաստատապես ասել, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ Ռուսաստանը կատարելու է Հայաստանի առջև ռազմավարական գործընկերոջ իր ուղիղ պարտականությունները, սահմանային այս միջադեպերը տեղի չէին ունենա, քանի որ սահմանային ճշգրտումներն ավարտվել էին պատերազմից հետո և նոր ճշգրտումների անհրաժեշտություն չպիտի ծագեր, եթե չլիներ նոր էսկալացիա առիթ և պատուհան, որը կարող էր ստեղծվել Լավրովի Բաքու այցից հետո և Հայաստանում Խորհրդարանի արձակումից անմիջապես հետո։

«Սրանք ուղղակի նշանային կարևորություն ունեն այս իրավիճակում։ Ըստ էության՝ մենք հիմա գործ ունենք Լավրովի մի նոր պլանի հետ և պետք է ուղղակի Հայաստանի պատկան մարմինները փորձեն հասկանալ, թե ինչ նոր պլան է իրագործվում Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը ինքը պետք է հասկանա, որ եթե հարցը մեր օգտին չլուծվի՝ տուժողը միայն Հայաստանը չի լինելու, տուժողը հավասարապես լինելու է նաև Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակելու են խուլ և կույր ձևանալ Հայաստանի միջազգային սահմանի մասին, քանի որ մենք պաշտոնապես չենք խնդրել, չենք աղաչել, չենք աղերսել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, հարցը պետք է անհապաղ տեղափոխել ԵԱՀԿ և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակներ, ինչպես արդեն առաջարկել է Ֆրանսիայի նախագահը նախօրեին», – նշեց պատգամավորը։

Նա կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի կողմից բավարար արձագանքի բացակայության դեպքում Հայաստանի խորհրդարանը լրջագույն անելիքներ ունի և իրենք պետք է մտածեն 2012 թվականին Խորհրդարանի կողմից ընդունված մի համաձայնագրի չեղարկման մասին, որը, ըստ էության, պարտավորեցնում է ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի այլ ռազմաքաղաքական դաշինքի հետ որևէ հարաբերություն հաստատելու համար ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համաձայնությունը։

«Պիտի խոստովանենք, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանն իրեն պահում է սերիական բռնարարի նման։ Սա անթույլատրելի է։ Դուրս գանք զոհի մասին մեր պատկերացումներից և տեր կանգնենք մեր երկրին։ Ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ Ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը չեն պահելու մեր հայրենիքը։ Մեր հայրենիքի պաշտպանությունը բացառապես մեր գործն է, և Հայաստանն այս ճակատագրական փուլում պիտի իր պատրաստակամությունը հայտնի համագործակցելու ուժային այն կենտրոնների հետ, ովքեր արդեն առաջարկել են իրենց ուղերձներով ռազմական օգնություն Հայաստանին», – խոսքն ավարտելուց ընդգծեց Բաբաջանյանը։

Ամենաթարմ