Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում անբարենպաստ պայմաններում պահվող գորշ արջը վերջապես փրկվել է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ արջն այժմ գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։
Արջի փրկության գործընթացը տևել է 8 տարի։ Հանրությունը դեռևս 2017 թվականից ահազանգում էր կենդանու պահման անբարենպաստ պայմանների մասին։ Վերջապես, 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր «International Animal Rescue» կազմակերպության և պետական մարմինների՝ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համագործակցությամբ իրականացվեց փրկարար գործողությունը։
Ներկայումս արջն անցնում է կարանտինացման շրջան։ Այնուհետև նա կտեղափոխվի մեծ ազատավանդակ, որտեղ կապահովվեն նրա բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները։ Կենտրոնում արջը ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։

