FlightRadar պորտալի տվյալներով՝ Բաքվից ժամանած հատուկ ինքնաթիռը (4K-ASG) վայրէջք է կատարել Երևանում մոտավորապես ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով, GMT+4) և վերադարձել Բաքու մոտ մեկ ժամ անց՝ ժամը 17:00-ին։
Վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվեց մի ուշագրավ դրվագ, որը վերաբերում է ոչ թե պաշտոնական բանակցություններին, այլ երկու երկրների քաղաքացիական հանրություների երկխոսությանը։ Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ադրբեջանական AZAL ավիաընկերության հատուկ չվերթով Բաքվից Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ՝ մասնակցելու հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մոտավորապես ժամը 16:00-ի սահմաններում։ Այցի նպատակն է մասնակցությունը հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը։
Այս այցն առանձնահատուկ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բացակայում են կանոնավոր ավիաչվերթները, իսկ նման հատուկ չվերթները և երկկողմանի այցելությունները խիստ հազվադեպ են և, որպես կանոն, իրականացվում են դիվանագիտական հատուկ պայմանավորվածությունների շրջանակներում։ Քաղաքացիական հասարակության մակարդակով նման հանդիպումները տարբերվում են միջպետական բանակցություններից և ունեն իրենց առանձնահատուկ դերակատարությունը՝ նպաստել հանրային ընկալում ու լեգիտիմություն ապահովելուն երկու երկրների կողմից վարվող տվյալ պահի քաղաքականությանը։
Թվում է, թե հիմնական նպատակը փոխադարձ թշնամանքը թուլացնելն ու փոխըմբռնումը խթանելն է։ Սակայն, իրական նպատակը երկու հանրություններում արմատավորված կարծրատիպերի և պատկերացումների վերափոխումն է՝ Բաքվի ու Երեւանի միջեւ վերջին շրջանում վարվող քաղաքականությանը համահունչ։ Կարիք կա հատկապես հայ հանրության մեջ այնպիսի մթնոլորտ ձևավորել, որը կնպաստի պաշտոնական Բաքվի «խաղաղասեր» կերպարի ամրապնդմանը եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից թմբկահարվող խաղաղության գործընթացի մասին հայ հանրության մոտ եղած հույսերն ու ակնկալիքները բազմապատկելուն։ Թե ինչ արդյունք կտա նման հանդիպումը կերեւա մի քանի օրից։ Բայց կարեւոր է լինելու հետեւել, թե ովքեր են հայկական կողմից մասնակցելու այդ հանդիպմանը, որով ի հայտ է գալու նրանց ստվերային կապերը Հայաստանի գործող կառավարության հետ։ Չէ որ այս այցը բոլորովին գաղտնի էր պահվում եւ ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվիրակությունը ժամանեց Երևան։

