Հրետակոծությունների հետևանքով կրած վնասները շատ մեծ են, որոնց վերականգման նպատակին են ուղղվելու հայության նվիրաբերությունները։ Գյումրի քաղաքի բյուջեից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին կփոխանցվի 10 միլիոն դրամ, ևս 10մլն դրամ էլ կհատկացվի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման համար։ Նախագիծը ավագանին միաձայն հաստատեց։

Արցախից ժամանակավոր Գյումրի տեղափոխված ընտանիքների կարիքների համար ևս քաղաքային բյուջեից ֆինանսական հատկացումներ կարվեն։ Այս ընթացքում արցախցի բոլոր ընտանիքներին նաև սնունդով ու կեցավայրերով են ապահովել։
«Համայնքը սնունդն ապահովել է ընտանիքների համար, հիմա ներկայացնում ենք ավագանուն, որ ընտանիքների յուրաքանչյուր անդամին հատկացնենք քսան հազար դրամ, որ եթե մեր տված սնունդը իրենք չօգտագործեն, կարողանան այդ գումարով իրենց ցանկացած սնունդն ու պարագաները գնեն ու օգտագործեն»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

