fbpx
Քաղաքականություն

Համահայկական խաղերով մենք արձանագրում ենք, որ որպես ազգ միասնական ենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակմանը։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին և պատվիրակություններին մրցանակների հանձնման արարողությունը։ «Լավագույն պատվիրակություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, «Համահայկական խաղերի հայտնություն» անվանակարգում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի պատվիրակությունը, «Արդարացի խաղի համար» անվանակարգում՝ Սիրիայի Հալեպ քաղաքի աղջիկների բասկետբոլի թիմը, «Կարգապահություն և մարզական ոգի» անվանակարգում՝ Վիեննա քաղաքի պատվիրակությունը, «Լավագույն քաղաքներ» անվանակարգում՝ Էջմիածին և Սիդնեյ քաղաքները, «Համահայկական խաղերի գեղեցկուհի» անվանակարգում՝ Աննա Թունյանը։ Վարչապետը գավաթներ և դիպլոմներ է հանձնել հաղթողներին, շնորհավորել և մաղթել հաջողություններ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Համահայկական ամառային 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ,

ողջունում եմ բոլորիդ:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական այրեր,

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի հարգելի անդամներ,

Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,

Ահա և ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղերը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում՝ բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս, մեծ բերկրանք պատճառեցին Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:

Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու, միասին լինելու գերագույն հաճույքը, որովհետև մենք արձանագրում ենք այսպիսով, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում: Եվ ահա այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար, յուրաքանչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը Երևանն է:

Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Ես ուզում եմ շնորհավորել նաև Համահայկական խաղերի բոլոր մասնակից մարզիկներին, որովհետև նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, մեծ ուժ և մեծ բովանդակություն են տվել Համահայկական խաղերին: Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական 7-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, բացման և փակման արարողությունների բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: Ես ուզում եմ շնորհավորել մեր այն հայրենակիցներին, ովքեր Համահայկական խաղերի այս ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, նոր ծանոթներ, նոր բարեկամներ։ Հույս ունեմ, որ ձեռք բերված կապերը կպահպանվեն և կշարունակվեն, որ դուք, Արցախում և Հայաստանում իրար գտնելով, այլևս երբեք իրար չեք կորցնի:

Սիրելի հայրենակիցներ,

Համահայկական խաղերն այլևս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում: Եվ սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ իսկապես, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մենք զգում ենք որպես մեկ միասնականություն: Եվ ուրեմն, ես համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերն ավելի մեծ թվով մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մարզական մակարդակ են ունենալու, ավելի բարձր տրամադրություն են ունենալու, և մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ն Համահայկական խաղերը,

Կեցցե՛ն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները,

Կեցցե՛ հայ ժողովուրդը:

Եվ այսպիսով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարում եմ փակված»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ