Արդարադատության նախարարությունը, «Հայփոստ»-ի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ «Հայփոստ»-ի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:
Գրասենյակի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:
«Շուրջ մի քանի տասնյակ՝ մինչև հարյուր, ծառայություններ են այս պահին գործում և բոլորը սպասարկվում են մեկ վայրում: Կարծում եմ՝ սա քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում: Այս տենդենցը շարունակական է լինելու: Առաջիկայում, փոստի զարգացման ռազմավարության շրջանակներում, տարբեր քաղաքներում նմանատիպ ևս 2-3 մեծ գրասենյակներ կբացվեն, և միասնական մեկ վայրում մեր քաղաքացիների համար առավել լավ որակի ծառայություններ հնարավոր կլինի մատուցել»,- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Երևանի կենտրոնում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակից հետո Իջևանում գործարկվածը երկրորդն է, որը հնարավոր եղավ իրականություն դարձնել «Հայփոստ»-ի հետ համագործակցության արդյունքում։ Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, կառավարությունը երեք հիմնական ուղղություններով է ծառայությունների մատուցումը հեշտացնում քաղաքացիների համար՝ վարչարարության մեջ ավելորդ գործընթացների բացառում, թվայնացում, որպեսզի ծառայությունը հնարավոր լինի ստանալ օնլայն տարբերակով և Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների գործարկում, որպեսզի պետական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնենք մեր մարզերի բնակիչներին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին մարզային գրասենյակը բացվում է Տավուշում: Այսօրվանից ծառայությունների որակն էապես բարձրանալու է: Սրանով մենք լրացուցիչ հայտ ենք ներկայացնում, որ բարձր որակի ծառայություններ ենք պատրաստ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
««Հայփոստը» պատրաստ է ստանձնել միջազգային չափորոշիչների համաձայն մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու գործընթացը: Այսօր Իջևանում բացվող այս գրասենյակն առաջին քայլն է մեկ պատուհան սկզբունքի կիրառման. հաճախորդը մեկ այցով մեկ վայրում ստանում է միաժամանակ մի քանի ծառայություն: Այս նախաձեռնությունն առաջիկայում կունենա իր շարունակությունը մյուս մարզկենտրոններում. նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ գործարկել Կապան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում»- նշում է «Հայփոստ»ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները ստանալու են
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
• Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
• Սոցիալական ապահովության ծառայության,
• Ազգային արխիվի,
• Անձնագրային և վիզաների վարչության,
• Կադաստրի կոմիտեի,
• Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները:
Իջևանում «Հայփոստ»-ի բաժանմունքի հասցեն է քաղաք Իջևան, Երևանյան-10: