Ի դեպ․ Ո՞ւմ Աստվածն է կանգնեցվում Հատիսում. Բնության հուշարձանը լակմուսի թուղթ

Հրապարակող՝

,

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Որոշ անձանց կեղծ աստվածապաշտության մասին Նարեկ Այվազյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Մի կարևոր հարց ու լակմուսի թուղթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգողներին և բարենորոգումը կեղծ համարող ու եկեղեցուն պաշտպանող մեր ազգակիցներին և քաղաքացիներին։ Հարցս նաև այս օրերին քաղաքական հայտեր ներկայացնող ուժերին է ուղղվում՝ իշխանականից մինչև ամենածայրահեղ ընդդիմադիրներին, որոնք անմասն չեն, ավելի կոնկրետ՝ անտարբեր չեն ՀՀ պետականության և ՀԱՍԵ-ի միջև առաջացած խնդիրների հանդեպ:

Երբ դուք հանդես եք գալիս որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ՝ պաշտպանում եք մեր հնամենի եկեղեցին, իր կանոններն ու կարգերը, խոսում եք և պնդում եք մարքրության ու սրբության մասին, շատ լավ։ Կարող եմ ենթադրել կամ պնդել, որ դուք նաև դեմ եք արձանապաշտությանը, անձապաշտությանը, սնահավատությանը, ինչպես նաև կրոնն ու հավատքը առ Աստված, Սուրբ հոգի և նրա սուրբ որդի՝ Հիսուս Քրիստոս, անունն ու արձանացած վիճակը բիզնեսի վերածելուն։

Միաժամանակ, կարո՞ղ եմ հավատալ, որ դուք նաև Հայաստանի Հանրապետության, որպես պետության սահմանադրական հիմնադրույթների՝ ինքնիշխանության, իրավականության, ժողովրդավարության ու սոցիալականության կողմնակիցն եք ու պաշտպանը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքները, օրենքները պահպանելու ու պաշտպանելու կողմնակիցներ եք։

Այո՞, սիրելի եղբայրներ և քույրեր։ Իսկ հիմա ձեզ հարց. Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը բնական հուշարձան համարվող Հատիս լեռան վրա թույլատրելի եք համարում, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալներ, և արդյո՞ք Բնական հուշարձանի ապօրինի օտարումը համայնքի կողմից, որը օրենքով արգելված է ի բնե, ճիշտ եք համարում։

Ըստ մեր եկեղեցու, Հիսուսի արձանները ընդունելի չեն, և, ըստ օրենքի, պետական պահպանության տակ գտնվող տարածքների, տվյալ դեպքում` բնության հուշարձանի, օտարումը քրեորեն պատժելի է և ենթակա է պետությանը վերադարձման։

Ի դեպ. Հատիս լեռը 2009 թվականից կառավարության որոշմամբ հանդիսանում է բնական հուշարձան։ Բնական հուշարձանը լեռն է, ոչ թե առանձին հատվածներ։ Օտարողը եղել է ոչ թե պետությունը՝ կառավարության որոշմամբ, այլ Հատիս համայնքի ղեկավարությունը, որը օրենքով ի զորու չէր դա անել, բայց արել է, այնուհետև Կադաստրի կողմից և այլ պետական մարմինների կողմից հաստատվել։ Այսինքն, թե՛ համայնքի ղեկավարությունը, թե՛ պետական կառույցների պատասխանատուները օրենքով խախտում են կատարել։

Հարցս կրկնեմ. Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա, որն ունի բնական հուշարձանի կարգավիճակ, թույլատրելի եք համարում, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալներ, և արդյո՞ք Բնական հուշարձանի ապօրինի օտարումը համայնքի կողմից, որը օրենքով արգելված է ի բնե, ճիշտ եք համարում։

Հ.Գ. Եթե չեք ընդունում, ապա մի թույլ տվեք, որ ապօրինաբար շարունակվի բնական հուշարձանի աղավաղումը և անպատժելիությունը, եթե չեք ընդունում սնահավատությունն ու արձանապաշտությունը, Աստծո անունը և կերպարը շահագործող բիզնեսները, ապա թույլ մի տվեք, որ այն արհեստականորեն դառնա նշանակալի երևույթ մեր հանրապետությունում։ Մենք նշանակալի հազարավոր եկեղեցիներ ու սրբատեղիներ ունենք, և փառք Աստծո։ Սա լակմուսի թուղթ է բոլոր դեպքերում, որովհետև թույլատրողը ոչ պետականությունն է հարգում, ոչ էլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալ է, ոչ ծառան է ժողովրդի և ոչ էլ Աստծո։

Հատիս սարը այսպես քրերելը խորը ու դաժան իմաստ ունի, որի մասին ժամանակին ակնարկել եմ, բայց մի օր հուսով եմ կբացահայտվի ու կպարզաբանվի իրավապահների մակարդակում։

Ամենաթարմ