fbpx
Աշխարհ

Հայ-իռլանդական հարաբերությունների քննարկում ԱԳՆ-ում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 27-ին, ընդունել է Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին եւ Հայաստանում Իռլանդիայի դեսպան Մայքլ Ֆորբսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա հայ-իռլանդական երկկողմ օրակարգի առավել խորացման եւ հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարեւոր ուղղություն զրուցակիցներն առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ առնչությամբ գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցության եւ փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հատկապես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի եւ Կառավարության՝ զարգացման օրակարգի առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։

Նույն օրն իռլանդական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ՝ շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարել Հուշամատյանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ