Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին հայտնել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականի ընթացքում ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոռնիձոր բնակավայրերում։ Ամբողջ տարվա ընթացքում Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում դասընթացներ են անցկացրել։
«11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին։ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի գործընկերների միջև օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների և ականից տուժած ընտանիքների երեխաները 2020 թվականին կմեկնեն Խորվաթիա՝ ամառային հանգիստը համատեղելով ականների վտանգի իրազեկման դասընթացների հետ։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2020 թվականին կշարունակի նաև ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ նախաձեռնությունը։ Եկող տարի նույնպես սիրիացի փոքրիկների համար նվերներ կուղարկվեն՝ այս անգամ հիմնականում գրենական պիտույքներ ու դպրոցական պայուսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը՝ Armenpress.am