ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի և Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության, մասնավորապես, Հանրային քաղաքականության միջերկրածովյան, կենտրոնական-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոյի և հանրային քաղաքականության, միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ։
Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր:
Կողմերը քննարկել են գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում։
Հանդիպման առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։
Քննարկվել են նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ։
Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերությունը դիտարկում է որպես մրցունակ և նորարարությամբ առաջնորդվող տնտեսություն կառուցելու ռազմավարական հիմք։ Արհեստական բանականության, արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը գնահատվել է որպես բարձր ավելացված արժեք ստեղծող արդյունաբերությունների զարգացման և Հայաստանը զարգացող տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի վերածելու կարևոր գործոն։
AWS-ի պատվիրակությունը վերահաստատել է ընկերության երկարաժամկետ համագործակցության հանձնառությունը Հայաստանի հետ՝ ընդգծելով պետական-մասնավոր գործընկերության նշանակությունը նորարարությունների արագացման, տաղանդների զարգացման և մասշտաբավորվող, անվտանգ տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովում բարձրացված նախաձեռնությունների գործնական առաջմղման հարցերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

