Հայաստան, շնորհավոր տոնդ

Հրապարակող՝

Հայաստան, շնորհավոր տոնդ

Ամենադիտվածներ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։

Անկախացման պաշտոնական գործընթացը սկսվում է Անկախության հռչակագրի ընդունմամբ, որը տեղի է ունեցել 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի գերագույն խորհրդում։

Հետագայում արդեն՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեում կողմ է քվեարկվում ապախորհրդայնացմանն ու անկախացմանը։

Դրանից մեկ տարի անց՝ դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում Հայաստան դառնում է լիարժեք անկախ։

Այս 30 տարիների ընթացքում Հայաստանն ու հայ ժողովուրդը հասցրեց անցնել 2 պատերազմների միջով՝ դրանցից առաջինում զգալով հաղթանակի ողջ ուժը, իսկ երկրորդում զգալով պարտության, կորստի ողջ ցավն ու դառնությունը։ Հայաստանն այս ընթացքում անցավ ու այժմ էլ անցնում է ծանր համաճարակի միջով, որը պատել է ողջ աշխարհն ու չի թողնում հանգիստ շնչել։ Հայաստանն այս 30 տարիներին տեսավ նաև իրեն թալանող, ինքնիշխանությունն ու հայ ժողովրդին չհարգող, իսկ այլ պետությունների ղեկավարների առաջ գլուխ խոնարհող, սեփական միջավայրը փչացնող, մարդասպան կառավարիչներ և հասցրեց տեսնել նաև հեղափոխություն, որի շնորհիվ հայ հասարակությունը լիովին զգաց միասնականության ուժը։

Ու այս կարճ ժամանակում այսքան խառը զարգացումներից հետո էլ անկախ Հայաստանը մնում է ու փորձում իր ինքնուրույն տեղը զբաղեցնել արևի տակ, երկրի վրա, ազգերի ու պետությունների մեջ:

Անկախությունը երբեք ամբողջական չի լինում, բայց այն բացարձակ արժեք է, որին պետք է միշտ ձգտել, որովհետև հենց անկախությունն է լուծում պետության հարատևության խնդիրը։ Պետք է հստակ գիտակցել, որ անկախություն չուզողները կամ իրենք իրենց ու պետության թշնամիներն են կամ էլ մտքով ու հոգով խաթարվածներ։

Անկախությունը հաղթանակ է, որին հասնում են ինքնիշխանություն տենչող մարդիկ։

Շնորհավոր տոնդ, Հայաստան։

Ազատ TV-ի խմբագրակազմ։

Ամենաթարմ