Արցախ

Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում

Հայաստանի երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ դեկտեմբերի 16-20-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվելու է «Հրաշք գույներ» մանկական ամանորյա մյուզիքլ-ներկայացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգչուհի Միլենա Մելիքյանն ասել է, որ իրենք ամեն տարի մեծ սիրով և անհամբերությամբ են սպասում՝ մյուզիքլ-ներկայացումը ցուցադրելու համար:

Նրա խոսքով՝ ներկայացմանն ամեն տարի լինում են ավելի քան 5000 հանդիսատես. օրվա ընթացքում ցուցադրում են 3 ներկայացում:

«Ցանկացած հանդիսատես ունի իր սպեցիֆիկան: Արցախի հանդիսատեսը բավականին ջերմ է և անկեղծ, ինչն էլ ոգևորում է դերասաններիս: Մեզ համար նաև մեծ պատասխանատվություն է այդպիսի հանդիսատեսի առաջ հանդես գալը, և եթե նրանք չեն հավանում ինչ-որ բան միանգամից մենք զգացնել են տալիս»,- ավելացրել է Մ. Մելիքյանը:

Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի Էլեն Սաֆարյանը՝ խոսելով մյուզիքլում իր մարմնավորած կերպարի մասին, ասել է. «Ես Վարդան եմ, ով ներկայացնում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր սխալ պահվածք են դրսևորում բեմի վրա և անում են ամեն ինչ, որպեսզի դառնան հայտնի՝ ինչն էլ ճաշակով չի լինում: Ներկայացման վերջում վերջում Վարդան հասկանում է իր սխալը և ուղղում»:

Երգչուհի Սուսի Հունանյանն էլ Աղբյուրի հետ զրույցում ասել է ինքը ևս մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ:

Խոսելով իր կերպարի մասին՝ նա ասել է, որ ինքը մարմնավորում է մի աղջկա, ով փորձում է հաղթահարել իր վախերը և արկածների համար նոր տեղ բացել իր սրտում:

«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրենց ցանկություններին դեմ են լինում՝ ժամանակ տրամադրեն և ապրեն իրենց իսկ լիարժեք կյանքով», – ավելացրել է Ս. Հունանյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախադպրոցական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Էլմիրա Հովհաննիսյանը, ով ներկա էր միջոցառմանը տեղեկացրել է, որ ցուցադրություններին ներկա են լինում ոչ միայն Ստեփանակերտի, այլև ԱՀ հանրակրթական դպրոցների կրտսեր և միջին տարիքի երեխաները:

«Մյուզիքլ-ներկայցումը հետքաքրքրություն է մտցնում երեխաների առօրյայում: Այն նաև ուսանելի է դպրոցականների համար», – նշել է Է. Հովհաննիսյանը:

Այսօրվա ներկայացմանը մասնակցում են Ստեփանակերտի, Շուշիի և Շահումյանի շրջանների երեխաները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ