Ֆուտբոլի Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին.
– Դեռ Ազգերի լիգայից ծանոթ եք մեր ընտրանուն: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ու Ձեր հավաքականը ո՞ր տեղերի համար է պայքարելու՝ վերջի՞ն, թե՞ նախավերջին:
Սկզբունքորեն ես միշտ առաջին տեղի հետ եմ հույսեր կապում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է իմ թիմի խաղը: Ինձ համար կարևոր չէ՝ ինչպիսի տեղաբաշխում կլինի ու ինչ հորիզոնական կզբաղեցնենք: Նախևառաջ ցանկանում եմ բարելավել մեր թիմի խաղն ու որակը:
Հայաստանի հավաքականը չի պայքարելու նախավերջին տեղի համար՝ հաշվի առնելով, թե ինչ ներուժ ունի: Ենթադրում եմ, որ Հայաստանի հավաքականն ավելի բարձր տեղերի համար է պայքարելու:
Ասացիք, որ առաջին տեղն է նպատակը, բայց դա պետք է խաղադաշտում ապացուցել: Առհասարակ Ձեր թիմի խաղն ինչպե՞ս եք պատկերացնում:
Պետք է օգտվենք այն առավելությունից, որ տալիս է մեր թիմի կոմպակտությունը: Իտալիայի հետ խաղում վատ տեսք չունեինք: Պետք է առաջընթաց գրանցենք ու փորձենք պայքարել ավելի բարձր տեղերի համար:
Ինչի՞ հետ եք կապում այն, որ Ձեր թիմը խաղերի վերջնամասում է բաց թողնում հաղթանակը կամ ոչ-ոքին: Անցած տարի մեր հավաքականի հետ Լիխտենշտեյնը բավականին լավ խաղաց ու միայն վերջնամասում ձեռքից բաց թողեց հաջողությունը:
Այդ ժամանակ ես չէի մարզիչը: Չեմ էլ կարող մեկնաբանել իմ նախորդի գործողություններն ու ցուցադրած խաղը: Մեր թիմում բավականաչափ պրոֆեսիոնալ խաղացողներ չունենք, գուցե դա է պատճառը եղել: Կամ այն, որ չեն հավատացել, որ կարող ենք հաջողության հասնել:
Եթե համարենք, որ Իտալիան մեր խմբում մրցակցությունից դուրս է: Երկրորդ տեղի հիմնական հավակնորդը ո՞ր թիմն է Ձեր կարծիքով:
Իհարկե, մեր խմբում ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Անգամ եթե նախորդ Եվրոյի եզրափակչին չմասնակցեց: Բոսնիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հունաստանը լավ են պատրաստված: Բայց կարծում եմ՝ Հայաստանի հավաքականն էլ որոշակի ներուժ ունի: Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ երկրորդ տեղը զբաղեցնելու շանսեր ունեն: