Մարտի 19-22-ը Երևանում կանցկացվի «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ հայ արվեստասերներին ներկայացնելով Մալթայի երաժշտական մշակույթը: Նախաձեռնության հեղինակներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի շրջանակներում կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի ջութակահար Կարմինե Լաուրին։ Համերգի դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: «Գրեմմի» մրցանակակիր Իլյա Շտուպելն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:
Հայ և մալթացի ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի: Արդեն մի քանի դար Մալթայում գոյություն ունի հայկական համայնք, որը թեև փոքր է, բայց ապրում է ակտիվ համայնքային կյանքով:
Մեկ տարի առաջ Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: 12 օր շարունակ` ապրիլի 18-30-ը կազմակերպվեցին տարբեր մշակութային միջոցառումներ։