Armtimes.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարարը նշել է, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորել երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը:
Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնել է Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ Նորին Վսեմություն Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին (Alois von und zu Liechtenstein):
Համատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացել է նրանց առանձնազրույցը: Դեսպան Աշոտ Սմբատյանը Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքները:
Աշոտ Սմբատյանը հանդիպել է նաև Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետ Էվալդ Օսպելտին (Ewald Ospelt): Կողմերը քննարկել են մշակութային համագործակցության հնարավոր հեռանկարները:
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է նաև Լիխտենշտայնի Իշխանապետության կառավարության արտաքին քաղաքականության հարցերը համակարգող գլխավոր քարտուղարի տեղակալ Դոմենիկ Վանգերի (Domenik Wanger) հետ: Վերջինիս խնդրանքով դեսպանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին: