fbpx
Կառավարություն

Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում հայ համայնքի մեծաթիվ լինելու հանգամանքը՝ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել իրանական իշխանություններին՝ հայերի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի համար:

Իբրև ԵԱՏՄ ներկայացուցիչ՝ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանները քննարկում են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ համաձայնագիրը վերջնական հաստատումը կստանա:

«Մենք պետք է խրախուսենք մեր գործարարներին՝ օգտագործել այդ հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն նոր հեռանկարներ՝ գործնական, տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների ավելացման համար:

ՀՀ վարչապետը նշել է, որ հետաքրքրվածություն կա նաև էներգետիկայի բնագավառում Իրանի հետ համագործակցության առումով: Իրանական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում արտահանման ծավալներն ավելացնել:

«Կարևոր է, որ մենք համաձայնության գանք գազի գնի հարցում, ինչը կենսական կարևոր նշանակություն ունի»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում այս հարցով բանակցություններ կլինեն երկու երկրների ներկայացուցիչների միջև:

Նա երկկողմ գործակցության զարգացման կոչ է արել, հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է դերակատարություն ունենալ իրանական գազի տարանցման հարցում, քանի որ այդ համագործակցությունը կարող է բխել թե´ երկու երկրների, թե´ տարածաշրջանի շահերից:

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին կոչ է արել կյանքի կոչել երկկողմ համաձայնությունները:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ