Սակագնային արտոնություն կկիրառվի Հայաստան ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ

Հրապարակող՝

Սակագնային արտոնություն կկիրառվի Հայաստան ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ

Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի:

2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է թիվ 39 որոշումը, որի կետերից մեկով էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ամեն երկրի տրվել է որոշակի չափաքանակի քվոտա, որի շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչներով մեքենաներն ազատվում են մաքսատուրքից: Հայաստանը վերցրել է 7000 մեքենայի քվոտա: Հաշվի առնելով այն, որ 2021 թվականին եղել է 1900-ից մի փոքր քիչ քանակով և ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավելի, շատ ռիսկային է: Այս պահին բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար: Մենք բաշխում ենք մի մասը, որպեսզի տեսնենք՝ ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ ֆիզիկական անձանց համար այդ որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, այսինքն՝ այն մարդիկ ովքեր ներուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները, իսկ իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար:

Նախարարը տեղեկացրեց, որ կա նաև որոշում հաջորդ տարվա համար:

«Հաջորդ տարվա համար ունենք 8000 մեքենայի քվոտա, որը հիմա չենք բաշխում, կրկին կախված այն բանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց Քերոբյանը:

Ամենաթարմ