Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում հայաստանյան դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներ, Հնդկաստանում մասնակցել է դեղագործությանն ու առողջապահությանը նվիրված «iPHEX» 7-րդ միջազգային ցուցահանդեսին:
Հնդկաստանի դեղարտադրության և առողջապահության ոլորտի շուրջ 500 ընկերություն ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրանքը:
Ամենամյա այս ցուցահանդեսը միջազգային հեղինակավոր հարթակ է, որը թույլ է տալիս խորացնելու հայ-հնդկական հարաբերություններն առողջապահության բնագավառում, օգտագործել գործնական նոր փոխշահավետ կապեր հաստատելու հնարավորությունը:
Ցուցահանդեսի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Գուջարաթ նահանգի Սննդի և դեղերի վերահսկման վարչության (Food and drug administration (FDA)) տնօրենի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են դեղերի գրանցման առանձնահատկությունները, դեղարտադրող ընկերություններին ներկայացվող պահանջները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում համագործակցություն ծավալել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» հետ:
Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է նաև դեղերի շուկայում առկա կարգավորումներին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենը: Նիստին քննարկվել են դեղերի շուկան կարգավորող իրավական կողմերը, ներկայացվել են Հնդկաստանում այս ոլորտի փոփոխությունները, դեղերի շրջանառության բնագավառում ներկայիս մարտահրավերները, խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Առողջապահության նախարարության պատվիրակության անդամները և հայաստանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հնդկական դեղարտադրող ընկերությունների, ինչպես նաև Հնդկաստան ժամանած այլ երկրների առողջապահության նախարարությունների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հնդկական արտադրության դեղերի համապատասխանության հարցերը, նաև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` հետաքրքրություն ներկայացնող դեղագործական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: