Զինված Ուժեր

Հայրենիքը փոփոխման և փոխանակման ենթակա չէ. Սեյրան Մարգարյան

Մեր բանակը մեր պետության ամրության ու ազգի լինելիության երաշխիքն է։ Բայց ամուր բանակ ունենալու նախապայմանն ու գրավականը նվիրյալ հայորդիների ներկայությունն է հայկական բանակի կազմում։ Երեք պատերազմ ու մի շարք չգրված հարձակումներ․․․ Քանիսի՞ն ենք ծանոթ մենք և քանիսի՞ միջով են անցել այսօրվա նժդեհները։

1990-ականներ՝ կերտված հաղթանակ ու ազատ Շուշի։ 2016 թվականի համառ ճակատամարտ ու լայնամասշտաբ պատերազմի կանխում։ 2020 թվական, սեպտեմբերի 27, արյունահեղ պատերազմ։ Թվարկել երեք խոշոր հարձակումները միանշանակ հեշտ է, ավելի հեշտ է այս ուղիները կապել ընտանիքների օղակով։ Մարգարյաններ, նրանց նման բազմաթիվ ընտանիքներ իրենց ներդրումն են ունեցել հայերի մեծ ու փոքր հաղթանակներում. Սեյրան Մարգարյան, Գագիկ Մարգարյան և կրտսեր Սեյրան Մարգարյան, այլ կերպ ասած՝ պապ, որդի և թոռ։ Զինվորի խոսքով Արցախն իր պապն ու նրա ընկերներն իրենց կյանքի գնով են հետ բերել։ Մեզ են փոխանցել հողեր, որոնց վրա թափվել է նրանց ու նրանց ընկերների արյունը։

Սեյրանի պապը զոհվել է 1990-ականներին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում, իսկ հայրն այսօր Ալավերդու տարածաշրջանի Երկրապահ կամավորականների միության նախագահն է։ Դարերի խորքից եկած հայրենապաշտպանության ու հայրենասիրության գաղափարախոսությունը ժառանգել է նաև կրտսեր Սեյրան Մարգարյանը։ «Մեր պատմության մեջ մենք միշտ հաղթական ու հերոսական դրվագներ ենք ունեցել միայն մեր ամբողջականության և ժողովրդի միասնականության շնորհիվ: Առաջնագծում կռվող զինվորն իմանալով իր պատմությունը, թե Արցախ աշխարհն ինչպես է մեզ տրվել, 30 տարիների ընթացքում արյան գնով է պաշտպանել ու այս ամենի գիտակցությամբ շարունակում է այդ սրբազան գործը»,- պատմում է Սեյրանը։

Սեյրանի համար ամենադժվարն այն պահն է, երբ մտածում է, որ կգա մի պահ, երբ այն ամենն ինչի համար պայքարել է, կորցրել է ընկերներին կարող է դադարի լինել իրականություն։ «Մեզ այնտեղ պահում է մեր հավատը, մեր հայրենասիրությունն ու մեր տված երդումը՝ մինչև արյան վերջին կաթիլը պիտի սուրբ հողդ պահես: Մեր հաղթանակը պետք է լինի մեր հավատի շնորհիվ, և հաղթանակի նշաձողը փոփոխելիս հույսը դնենք Աստծո և մեր ուժերի վրա: Մենք պարտվելու իրավունք չունենք»,- պնդում է կամավորը։

Սեյրանն ու իր ընկերները մասնակցել են նաև քառօրյա բախումներին և մասամբ ձեռք էին բերել պատերազմի դաշտում արդյունավետ պայքար մղելու որոշակի հմտություններ։ Պատերազմի լուրն իմանալուն պես էլ ընկերների հետ որոշել են մեկնել առաջնագիծ ու օգնել իրենց ընկերներին ու հարազատներին։ Ի դեպ, Սեյրանի հայրը՝ Գագիկ Մարգարյանն իր կամավորական խմբերի հետ պատերազմի առաջին օրերին մեկնել է Արցախ։ Անկախ պատերազմի արդյունքից, Սեյրանը չի ցանկանում իրեն համարել պարտված,- «Ես չեմ կարող իմ մեջ արմատավորել պարտվողի կարգավիճակը, որովհետև մանկության տարիներից ինձ միշտ ասել են, որ եթե իրոք սիրում ես հայրենիքդ, եթե ծառայում ես հայրենիքիդ, ապա պարտվել չկա։ Ես դա հասկացել եմ իմ պապի մասին պատմություններից, լսել եմ նրա մարտական ընկերներից, իմ հորից։ Դա կյանքի մեծ դաս է եղել, որը եթե չես ստանում, երկրիդ ոչ մի ձևով չես կարողանա օգուտ տալ»,- մեր հետ զրույցում կիսվում է Սեյրանը:

«Ես հայ եմ ու պետք է շարունակեմ իմ նախնիների գործը, սիրեմ իմ երկիրը, լինեմ հայրենասեր։ Ընդունեմ իմ երկիրը այնպես, ինչպես մեզ փոխանցել են մեր նախնիները, մեր պապերը, մեր եղբայրները։ Ինչպես նաև Հայրենիքը կյանքում ոչ մի բանի հետ փոփոխման և փոխանակման ենթակա չէ, ինչ էլ որ լինի կյանքում»- ահա այս խոսքով էլ եզրափակեց Սեյրան Մարգարյանը։

Լիլիա Ալավերդյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ