Ժամեր առաջ Warner Bros.-ը հաստատել է «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի թողարկման օրը. հերթական մասը կթողարկվի 2021թ.-ի նոյեմբերի 12-ին, իսկ դրա նկարահանումները կսկսեն 2020թ.-ի գարնանը:
Այն նախատեսված էր թողարկել 2020թ.-ի նոյեմբերի 20-ին, իսկ նկարահանումները սկսել՝ 2019-ի հուլիսին, սակայն այս ամենը հետաձգվել է, որպեսզի կինոարտադրող ընկերությունը կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիլմն ամբողջացնելու ու լավ արտադրանք ներկայացնելու համար:
«Ջոան Ռոուլինգը զարմանահրաշ տիեզերք է ստեղծել, որը տարիներ շարունակ գրավել է մարդկանց ուշադրությունը՝ մեզ իր հետ տանելով անսովոր ու կախարդական մի ճանապարհորդության: Warner Bros.-ը հպարտ է լինել հրաշագործների այս աշխարհի կինոմատոգրաֆիական տունը և շարունակել «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի զարգացումները: Անհամբերությամբ սպասում ենք գրքաշարի երրորդ մասը կյանքի կոչելուն»,- ասել է Warner Bros.-ի ներկայացուցիչներից մեկը՝ Ռոն Սանդերսը:
Ֆիլմի այս մասի պաշտոնական նկարագրությունը կամ վերնագիրը դեռևս հայտնի չէ, սակայն նախորդ տարի «Հարի Փոթերի» ու այս գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը մի գրառում էր կատարել, որը կարծես հենց սրա մասին է.
«1930-ական թվականներին Ռիո Դե Ժանեյրոյում ենք»,- գրել էր հեղինակը և հնարավոր է, որ ֆիլմի նկարահանումները հենց այնտեղ կատարվեն: Դերասանական կազմը ևս հայտնի չէ, բայց իրենց գլխավոր դերերին կվերադառնան Էդդի Ռեդմեյնը, Ջյուդ Լոուն, Էզրա Միլլերը և Ջոնի Դեփը:
Հիշեցնենք՝ «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարը բաղկացած կլինի 5 մասից: