fbpx
Կառավարություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթ ունեցավ ԵԱՀԿ-ում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես եկավ ելույթով:

Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորեց ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելեց, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես, կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշեց, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հավելեց, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ