Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին:

«Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,-ասաց Նաղդալյանը:

Մամեդյարովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Լավրովի պլան»-ին:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման:

«Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ ներկայացվել է: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ: Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները կամ մեկնաբանությունները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած այն մտքին, թե հասկանալի չէ՝ որն է Հայաստանի համար անվտանգություն հասկացությունը, նշեց, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է:

«Ադրբեջանը երեք տասնամյակից ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,-նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ամենաթարմ