Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։
Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։
Առաքելության կարևորության մասին երեկ խոսել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Եվրախորհրդարանի Պաշտպանության հարցերով հանձնաժողովում։
«Անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր է Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», – ասաց նա:
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ բանակցությունների արդյունքում։ Ադրբեջանը, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Եվրամիության արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և տեղյակ պահել Բաքվին Հայաստան ուղարկվելիք առաքելության մասին։
Ըստ քառակողմ հայտարարության՝ այն պետք է սկսի աշխատանքը հոկտեմբերին և գործի երկու ամիս:
Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս – վրացական կարճատև պատերազմից հետո։
Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը կլինի նաև զեկույցներ կազմել Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար։