fbpx
Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:
Հանդիպմանը ներկա են  նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Միրոսլավ Լայչակի այցը և նշել, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառույցում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների առաջմղմանը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը կնպաստի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերին:

Կողմերը կարևորել են խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման, մարդկանց միջև շփումների խթանման, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ