fbpx
Քաղաքականություն

ՀՀ վարչապետը ժամանել է Ստրասբուրգ

Երեկ ուշ երեկոյան Ստրասբուրգ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Այսօր նա առաջին անգամ ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Վարչապետի ելույթը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ինև կտևեի մոտ 20 րոպե, ապա նա կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» անվանումով լուսանկարների ցուցահանդեսը, միջոցառմանը Հայաստանի վարչապետին ուղեկցելու են ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին են մասնակցում նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները` «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ