Արցախ

Ռուսները գնացել են, իրենց ձեռքով մեր պահած գյուղը հանձնել են թուրքերին. Հին Թաղերի գյուղապետ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի գյուղապետերը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունները, որ համայնքներն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանը ասաց, որ լսել է՝ գյուղերն արդեն հանձնվել են։ «Բայց չեմ կարողանում կապվել ու հստակ տեղեկություն ստանալ, որովհետև կապ չկա։ Չենք կարողանում ճշտել՝ այնտեղ հայեր կան, թե չկան։ Գիտենք, որ ռուսական բանակը հետ է քաշվել»,- ասաց Ավանեսյանը։ Նա նշեց, որ մի քանի օր առաջ գյուղի վրա հարձակման հետևանքով գերեվարվել էր 9-10 մարդ, նրանց վերաբերյալ տեղեկություն չունեն։ «Որևէ մեկից ստույգ տեղեկություն հնարավոր չէ ճշտել»,- հավելեց նա։

Ալեքսանդր Ավանեսյանը նշեց, որ այդ գյուղերը չորս կողմից շրջապատվել էին ադրբեջանցիներով։ «Շատ բարդ էր այդ գյուղերը պահելը, այնտեղ մարդ պահելը։ Եթե անգամ այդտեղ մարդ մնար, հետագայում շատ դժվար էր լինելու, այդ ժողովրդին ահագին վնաս էր լինելու, մեկին կարող էին տանել, մյուսին վնասել։ 39 կմ լեռնային գոտիով սահման է, պահելը դժվար, ասում են՝ ռուսական բանակը հետ է եկել, ասել է՝ մի գնացեք այնտեղ, ասում են՝ ժողովրդի համար շատ վտանգավոր է։ Եթե ռուսական զորքերը դուրս են եկել, հասկանալի է, որ հայ զինծառայողներն էլ են դուրս եկել, որովհետև չեն կարող մնալ այնտեղ»,- նշեց Ավանեսյանը։

Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկությունը հստակ է՝ գյուղերը հանձնվել են ադրբեջանական կողմին։ «Ռուս խաղաղապահները գնացել են, իրենց ձեռքով մեր պահած գյուղը հանձնել են թուրքերին ու եկել։ Ես չգիտեմ՝ Արցախի իշխանություններին ինչ պատասխան են տվել, բայց գնացել մեր գյուղերը հանձնել եկել են»,- նշեց Այվազյանը։

Նա ասաց, որ առաջին հերթին տեղի ունեցածի համար պատասխանատուն Արցախի ու Հայաստանի իշխանություններն են։ «Սա մեծ պատմական սխալ էր, հետագայում պետք է պարզել՝ այդ անողն ո՞վ էր, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար։ Հայերը պետք է պահեին, մենք 44 օր պահել ենք, կռվել ենք, մի քանի անգամ հարձակվել են այդ տարածքների վրա, վիրավորներ ենք տվել։ Այսօր ռուսը եկել ու պադնոսի վրա արմյանսկի կոնյակով բանով տալիս ա թուրքին։ Ո՞վ պետք է սրա պատասխանը տա, պարզ չէ՞՝ մեր կառավարությունը։ Արցախի կառավարությունը լինի, թե Հայաստանի, նրանց արածը դավաճանություն է, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Հին թաղերի համայնքապետը։

Էդիկ Այվազյանը նշեց․ «Այնտեղ ունեինք Դիզափայտ լեռ, Կատարո վանքը, որը տարածքի թագավորն էր։ Այդ ստրատեգիական դիրքը, բարձունքը հենց ընենց տվեցին թուրքին։ Սա դավաճանություն էր»։

Էդիկ Այվազյանն ասաց, որ այս պրոցեսը կարող է շարունակական լինել նաև Արցախի մյուս բնակավայրերի դեպքում։ Այսօր արդեն Շուշիի տարածքի գյուղերում կա նույն խնդիրը։ «Դե որ անտեր ենք, կառավարություն չունենք, իշխանություն չունենք, պետական ներկայացուցիչ չունենք, թուրքը գնում ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է։ Ո՞վ է դեմն առնողը, ո՞վ է ասում՝ դա ճիշտ չէ, ճիշտը սա է։ Կամաց-կամաց թուրքը գալիս է, Զանգեզուրով կանցի, Սիսիանի սարերով կհասնի Արարատյան դաշտավայր։ Դեմն առնող չկա։ Եթե հայաթի շունը քնած ա, ուրեմն աղվեսը պիտի գա ու հավերին տանի»,- ասաց նա։

Այվազյանը նշեց, որ եթե կամավորական ջոկատներ պետք է կազմավորվեն, ավելի լավ է պետական մարմիններն այդ մասին ասեն ժողովրդին, մարդիկ ինքնապաշտպանվեն։ «Եթե 1990-ական թվականների նման կամավորական ջոկատներ պիտի կազմենք, թող էդ մասին մեր կառավարությունը հայտարարի, ով կարում է զենք բռնի, մենք կհելնենք մեր պետականությունը կպաշտպանենք՝ մեր երեխեքին փոխանցելու համար։ Ես չգիտեմ՝ ո՞ւմ պետք է սատկանցնենք, զինադադարի պայմաններում ո՞վ է այս գործողությունները կատարում։ Կռիվ էր հասկացանք, թեկուզ ծախված կռիվ էր, էսօր ի՞նչն է խանգարել, որ չենք գնացել տիրություն անենք, մեր գյոզալական տարածքները պաշտպնեինք։ Ո՞վ էր խանգարում, ո՞վ է մեջներիս թուրքը։ Ոչ մեկ չգիտի ինչ է եղել, էնտեղ եղել է թուրք ու մեկ էլ ռուս։ Ո՞վ կարա մեկնաբանի, թե ինչ է եղել։ Փաստն էն ա, որ էդ գյուղերը հենց ընենց տվին թուրքին։ Թուրքերը պիտի նորից ձեռ առնեն մեզ, որ հայերը էլի նվիրատվություններ են անում»,- հավելեց Հին Թաղերի գյուղապետը։

Աղբյուրը՝ lragir.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ