Առողջապահություն

Մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին․ Արսեն Թորոսյան

Այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին:

«Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոն Երևանում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին 7-10 օրվա ընթացքում»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը հինգ հարյուր է ու նույնիսկ պակաս։ Նախարարը ընդգծել է, որ հավելյալ մահճակալային ֆոնդ չեն պահի, բայց 2700-2800 մահճակալային ֆոնդ միշտ պատրաստ կլինի 2 օրում վերադառնալու նախկին ռեժիմին, եթե լինի անհրաժեշտություն:


Արսեն Թրոսյանը նաև նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք կա արձանագրված։

Նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ, կրկնավարակի դեպքերը պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով։ Ամեն դեպքում, կրկնավարակի դեպքեր գրանցվել են նաև աշխարհի այլ երկրներում։

«Դա մեզ ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք չպետք է պահպանենք կանոնները։ Բայց միևնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չէ, որ բոլոր հիվանդացած-լավացածները անպայմանորեն կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ», – նշել է նախարարը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/629370624371614/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ